Օպերային երգիչ, պրոդյուսեր, բազմաթիվ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն ասում է, որ առհասարակ հետսովետական որեւէ գնահատման տեսակ իր համար ընդունելի չէ, որովհետեւ մեխանիզմը շատ հին է եւ ոչ արդարացի։ Վերջինս համոզված է՝ այդ համատեքստում «ժողովրդական», «վաստակավոր» կոչումները պետք է ամբողջությամբ վերացվեն:
«Առավել եւս, որ այդ կոչումներն իրենց աղետալի ու վերջնական մահկանացուն կնքեցին այն ժամանակ, երբ 2018 թվականին Սարգսյան Սերժը տարբեր «կենդանական ձայներ արձակող» երգիչների զարդարեց դրանցով, եւ եթե մինչ այդ մի փոքր հույս եւ հավատ կար դեպի այս ինստիտուտը, ապա այդ քայլով նա ուղղակի ոչնչացրեց ու զրոյացրեց վստահությունը: Մինչ այդ «աղետալի» դեպքերն էլ այս ինստիտուտն արդեն իր բովանդակությունը կորցրել էր, պետք է վերացվեր, իսկ տալով՝ Սերժ Սարգսյանը վերջնական կնիք դրեց եւ հաստատեց այն փաստը, որ դա ուղղակի ֆորմալ բնույթ է կրում, եւ ոչ մի բովանդակային բան չունի իր մեջ։ Նա այս քայլով հաստատեց, որ այս ինստիտուտն ընդամենը կոռումպացված համակարգի մի մասն է, եւ որ կարելի է ծանոթ, բարեկամ, խնամի, քավոր, սանիկ եւ նմանատիպ այլ ավանդական կապերի միջոցով ստանալ այդ կոչումները»,- կարծում է Մադլենյանը:
Երգահանը միաժամանակ նկատում է՝ իհարկե, պետք է արվեստագետները, մշակութային գործիչներն ու գիտնականներն անպայման գնահատվեն. «Ստեղծագործելու համար, կարծում եմ, սա շատ կարեւոր է։ Բայց կարելի է զարգացած պետությունների օրինակը վերցնել եւ կիրառել, այլ ոչ թե մնալ անցյալից ժառանգած փտած ու նեխած մեթոդների հույսին։ Հետսովետական նեխած ժառանգության մասին շատ երկար կարելի է խոսել եւ բազում օրինակներ բերել, որ այս ինստիտուտը պարզապես խայտառակել է իրեն, իսկ 2018 թվականից այս կողմ սրա մասին խոսելն այլեւս անիմաստ է»։
Ռիչարդ Մադլենյանի խոսքով՝ մեզ նման փոքր ժողովուրդներն ընդհանրապես շատ զգույշ պետք է լինեն այս ինստիտուտի նկատմամբ, առավել եւս, որ հետսովետական կոռումպացված Հայաստանում ինչպես քաղաքականության, այնպես էլ գիտության եւ մշակույթի ոլորտներում ամեն ինչ հիմնականում ձեւավորվել է ծանոթի, բարեկամի, քավորի, սանիկի, խնամու լոկալ սահմանափակ դրսեւորումներով:
«Իհարկե, տեսել եմ, հազար անգամ եմ տեսել, թե ինչ ճանապարհներով են փորձել այդ վաստակներին հասնել: Դա վառ արտահայտվել է ամենատարբեր միջոցառումներում, մրցանակաբաշխություններում, ինչու չէ՝ նաեւ կեր ու խումերի ժամանակ, որտեղ իրենցից ոչինչ չներկայացնող երգիչները, իրար հետ պատերազմելով, թաղային հեղինակություններին ու գեներալներին գործի դնելով, փորձում էին մրցանակներ ու կոչումներ կորզել։ Հազարավոր օրինակներ կարող եմ բերել: Գիտեք՝ ինչ, երբ իմ երկրի վաստակավոր արտիստը մեկն է, որը «ոռնում է շան ձայնով», ես չեմ կարող դա ընկալել եւ դրան գնահատական տալ, սա շատ տգեղ է եւ չափազանց վտանգավոր։ Միակ առաջարկս օր առաջ այս ամեն ինչը կանխելն է: Եթե ինձ մնար, 2018 թվականին այդ կոչումներին արժանացած մարդկանց մեծամասնությանը ես կվորակազրկեի կամ, ինչպես ասում են, հետ կկանչ էի կոչումները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մադլենյանը:
Ըստ նրա՝ ժամանակները փոխվել են, եւ, ցավոք սրտի, այսօր մարդիկ իրենց գնահատված լինելու աստիճանը չափում են սոցիալական տարբեր հարթակներում եւ թքած ունեն, թե պետությունն ինչով կպարգեւատրի իրենց, բայց եթե կպարգեւատրի էլ, ուրեմն դա էլ թող լինի, ի՞նչ վատ է որ. «Բայց արդեն ակնհայտ է, որ դա չեն համարում հիմնական գնահատական: Իրենց համար հիմնական գնահատականն այն է, թե ինչքան դիտում կունեն...
Կարդալ ամբողջովին