Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած օրերին հայրենասիրական ալիքի վրա ընկած կառավարությունը մեծ-մեծ խոստումներ էր տալիս մարտական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողներին, արտոնություններ էր սահմանում նրանց համար։ Բայց, ահա, գալիս է զորացրվելու ժամանակը, եւ պետությունը դրժում է խոստումը։
Զորացրվածների զինգրքույկներում ապրիլյան պատերազմը չի նշվում
Խոստացված արտոնությունն ուսման վարձի համար 50 տոկոս զեղչ սահմանելն էր, ինչն այնքան էլ մեծ լավություն չէ։ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արդեն իսկ սահմանված է զեղչ։ Ըստ այդ օրենքի, զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձավճարի առնվազն 30 տոկոս զեղչից: Փաստորեն, ապրիլյան պատերազմի մասնակիցներին լրացուցիչ 20 տոկոս զեղչ էր տալիս կրթության նախարարությունը, որը կտարածվի բոլորի եւ ոչ միայն լավ սովորողների վրա։ Բայց այս արտոնությունից մեր տղաները չեն կարողանալու օգտվել։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ըստ մեր տեղեկությունների, ներքին հրաման է արձակել՝ զորացրվողների փաստաթղթերում ապրիլյան պատերազմի վերաբերյալ գրառում չանել, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չդնել, ոչ մի փաստաթուղթ չտրամադրել։ Վերջին երկու օրում երեք այդպիսի ահազանգ ստացանք զինծառայողների ծնողներից։ Նրանցից մեկի որդին ծառայել է Մատաղիսի զորամասերից մեկում։ Ծնողը մեզ տրամադրեց որդու զինգրքույկը։ Լուսանկարում, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, պարզ երեւում է՝ այն տողում, որտեղ նշվում է, թե ինչ մարտական գործողությունների է մասնակցել զինծառայողը, գրառում եղել է, բայց հետո սպիտակ մարկերով ջնջվել է։ Այժմ զորացրված երիտասարդը ոչ մեկին չի կարող ապացուցել, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը եղել է Մատաղիսում եւ պաշտպանել ԼՂՀ հյուսիս-արեւմտյան սահմանը։ Տղայի հարազատները պատմում են, որ նա շատ ոգեւորված էր մինչեւ զորացրվելը, բայց, տեսնելով անարդարությունը, կոտրվեց։ «Էլ ո՞ւմ հավատան երեխեքը, եթե այսքան վիրավորական ձեւով խաբում են նրանց»,- հարցնում են հարազատները։
Հարցի շուրջ ՊԲ-ում մտածում են
Մենք փորձեցինք բացատրություն ստանալ ԼՂՀ պաշտպանության բանակից։ «Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի օրերին ծառայություն անցած զինծառայողների գրքույկներում չի նշվում այդ փաստը»,- հարցրինք ԼՂՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանին։
- Եթե ինչ-որ բողոք կա, կարող եք ուղղել ԼՂՀ պաշտպանության նախարարությանը։ Ես որոշում կայացնող չեմ, ես պարզապես խնդրին տեղյակ եմ։ Հրամանատարությունը տեղյակ է, որ մարդիկ բողոքում են։ Այդ հարցի շուրջ մարդիկ մտածում են։
- Ո՞րն է պատճառը, որ կնիք չեն դնում։ Չէ՞ որ այդ տղաների համար կարեւոր է ուսման վարձի զեղչ ստանալը։
- Ես Ձեզ հասկանում եմ, բայց Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։
- Ճի՞շտ է, որ ներքին հրաման կա, որ կնիքներ չդնեն։
- Ես տեղյակ չեմ նման բանից։
Զորացրվածների ձեռքից վերցնում են Հայաստան հասնելու փողը
Զինծառայողներն այլ բողոքներ էլ ունեն, բայց վախենում են իրենց անունները հայտնել, վախենում են պաշտոնական նամակներ ուղարկել ՊԲ ղեկավարությանը։ «Դե, ուրեմն, վախկոտ մարդը տենց էլ պետք է ապրի»,- ասում է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Նրան խնդրել էինք նաեւ պարզաբանել, թե ինչու է զորամասերի հրամկազմը զորացրվող զինծառայողներից խլում ԼՂՀ-ից Հայաստան հասնելու համար նախատեսված 10 հազար դրամը։ Այս գումարը ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տրամադրում է որպես տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
«4-5 հոգով քցվում ենք, հասնում Գորիս»
Կարդալ ամբողջովին