Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Russian Today հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև։
Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է:
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս հարցազրույցի համար: Ինչպես Դուք նշեցիք, հիմա դժվար ժամանակներ են, սակայն նման ժամանակներում պետք է խոսել և հատկապես պետք է խոսել ընկերների հետ:
Ձեր հարցին ուղիղ պատասխանը, դժբախտաբար, ոչ է: Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա միայն իմ խոսքերը չեն, սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս փաստի մասին մի քանի ժամ առաջ խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը: Կրկին պետք է ասեմ, դժբախտաբար, քանի որ հրադադարը խախտել նշանակում է ռմբակոծել, հրետակոծել, մարդկային ավելի շատ կյանքեր խլել՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ առաջնագծում, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր:
Կա՞ն հրադադարի խախտումներ հայկական կողմից: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ:
Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է:
Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն են հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի:
Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է: Ցանկանում եմ հստակեցնել՝ հնարավո՞ր է զինված ուժերում լինեն տարբեր ուժեր, մարդիկ, ովքեր այլ տեսակետ ունեն: Գուցե կա՞ տարբերակ, որ ինչ-որ կողմ ավելի ծայրահեղ է: Ի՞նչ կասեք Ադրբեջանում այն վնասների և զոհերի մասին, որոնք հեռու են հակամարտության էպիկենտրոնից, օրինակ, տեղեկությունները Գյանջան հրետակոծելու և վնասներ հասցնելու մասին, որոնք հայտնվեցին հրադադարի մասին հայտարարելուց հետո:
Փորձեմ պատասխանել Ձեր հարցին և մի քանի կետեր առանձնացնեմ: Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:
Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:
Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Վերադառնալով իմ նախկին հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական զինված ուժերի ներսում:
Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, Պաշտպանության նախարարությունից: Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն:
Պարոն նախագահ, ուզում եմ հստակեցնել՝ երբ ասում եք, որ տեղյակ չեք Հայաստանի կողմից Գյանջայի հրետակոծման կամ ռմբակոծման դեպքերի մասին, արդյո՞ք նկատի ունեք, որ տվյալ դեպքում դա սադրանք է՝ հասնելու իրավիճակի ավելի լարման:
Դա սադրանք է, թե ոչ՝ մանրուք է: Մեծ պատկերն այն է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս հետաքրքրված չեն սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շարունակելու բանակցությունները: Նրանք որոշեցին վերադառնալ 30 տարով հետ, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, և կրկին փորձել խնդիրը լուծել ուժի միջոցով:
Ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև որպես մեկը, ով հետևում է գործընթացին երկար տարիներ, կարող եմ վստահեցնել, որ երբ վերլուծում եմ այս ամենը, տրամաբանորեն հասկանում եմ, որ խնդիրը ռազմական լուծում չունի մի քանի պատճառով:
Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Ղարաբաղը ստացավ որպես մեծ նվեր Ստալինի կողմից: 65 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ինքնավարություն ուներ, բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին: 65 տարի հետո ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը չունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վստահությունը: Այս բառը՝ վստահություն, շատ կարևոր է: Սա պատճառներից մեկն է, թե ինչու 1991 թվականին ԼՂ բնակչությունը որոշեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ քվեարկել բոլոր օրենքներին համապատասխան անցկացված հանրաքվեին և կողմ արտահայտվել անկախությանը: Բացակայում էր վստահությունը: Նրանք չէին վստահում Ադրբեջանին որպես մի երկիր, որտեղ կարող էին բնակվել, քանի որ անգամ խորհրդային իշխանության ներքո Ադրբեջանն անում էր ամեն ինչ՝ հայերին ԼՂ-ից դուրս հանելու համար: Դպրոցներ էին փակվում: ԼՂ-ում շատ հայերի համար առաջին լեզուն ռուսերենն էր, տանը հայերեն էին խոսում, սակայն գնում էին ռուսական դպրոցներ, քանի որ չէին ցանկանում ադրբեջանական դպրոց հաճախել: Վստահությունը խախտված էր:
Ինչպե՞ս կարող ես մտածել, որ ԼՂ բնակչությունը կարող է վստահել Ադրբեջանին առաջին պատերազմից, այդքան մեծ թվով կյանքերի կորստից հետո: Սա անհնար եմ համարում:
Ի՞նչն է ներկայիս պայմաններում ավելի կարևոր Հայաստանի կառավարության համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները:
Չի կարելի բարդ քաղաքականությունը պարզեցնել, չի կարելի պարզեցնել մարդկային վարքագիծը: Ամեն ինչ կարևոր է, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Մարդկային կյանքն ամենամեծ առաջնահերթությունն է: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ինձ համար մարդկային կյանքն ամենակարևորն է: Եթե մտածում ենք ԼՂ խնդիրը կամ ցանկացած խնդիր կարգավորելու մասին, ապա կարծում եմ, որ լուծման առանցքում պետք է դնել մարդկային կյանքը: Եվ կարևոր չեն տարիքը, ռասսան, մաշկի գույնը կամ կրոնը: Մարդկային կյանքը բացարձակ արժեք է:
Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը կամ սահմանին կանգնած զինվորը: Այս ամենը փոխկապակցված է: Ի վերջո, ամենակարևորը մարդկային կյանքն է:
Միևնույն ժամանակ, երբ խոսում էի իմ գործընկերների հետ, ովքեր աշխատում են այնտեղ, նրանք ինձ ասացին, որ այնտեղ ասես դժոխք լինի, քաղաքները ռմբակոծվում են: Ոմանք ասում են, որ կարծես թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդհանրապես պատրաստված չի եղել:
Պատրաստված չի եղել ինչի՞ն:
Նման իրավիճակի, երբ քաղաքներ են ավերվում:
Իհարկե, միշտ կառավարությունները քննադատվում են: Միշտ լինում է մի բան, որի համար զղջում ես: Սակայն բոլորս այստեղ պետք է ափսոսանք միայն մի բանի համար՝ պատերազմի սկսվելու: Իսկ այդ որոշումը չեն կայացրել ԼՂ բնակությունը կամ իշխանությունները կամ Հայաստանի իշխանությունները: Այդ որոշումը կայացրել է Ադրբեջանը, նրա՛նք են սկսել 2 շաբաթ առաջ այս պատերազմը, և նրանք պետք է բարոյական պատասխանատվություն կրեն սրա համար:
Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը:
Այո, իհարկե: Պատերազմը Ղարաբաղում երբեք չի ավարտվել՝ անգամ 1994 թվականի զինադադարից հետո: Մենք բոլորս չենք հաջողել, դիվանագիտորեն ասած, մնալ բանակցությունների և երկխոսության ճանապարհի վրա: ԼՂ-ի դեպքում եթե նրանց հարցնեք, թե ո՞րն է նրանց համար հաղթանակը, կասեն, որ հաղթանակը սեփական հայրենիքը, տունն ու ընտանիքներին պաշտպանելն է: Եթե հարցնեք ադրբեջանցիներին, ապա նրանց նպատակը ԼՂ-ն առանց հայերի ստանալն է: Ժամանակակից աշխարհում սա անվանում են էթնիկ զտում: Անգամ եթե հաջողության հասնեք էթնիկ զտման հարցում, այս մարդկային պատերազմը երբեք չի ավարտվի: Գուցե ֆիզիկական պատերազմ չլինի, գուցե վերահսկողություն հաստատվի տարածքի նկատմամբ, սակայն մարդկային, բարոյական կռիվը կշարունակվի: Դրա վառ ապացույցը Հայոց ցեղասպանությունն է, որը տեղի է ունեցել 105 տարի առաջ: 1.5 մլն մարդ ոչնչացվեց: Արդյո՞ք այդ ամենն ավարտվեց: Ոչ: Բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ նաև ՌԴ-ն: Բազմաթիվ ...
Կարդալ ամբողջովին