«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
– Փոխադարձ շնորհավորենք միմյանց: Հայաստանի անկախացումն ունի՞ որևէ առանձնահատկություն հետխորհրդային երկրների շարքում:
– Ունի: Չունի այնքանով, որ մենք մի մասն էինք Արևելյան Եվրոպայի անկախացման գործընթացի, մեզնից առաջ չեխերը, ռումինացիները, լեհերը, գերմանացիները փորձել էին այդ ճանապարհով գնալ… Մենք առանձնահատուկ էինք բարդագույն պայմանների առկայությամբ՝ երկրաշարժ, պատերազմ և շրջափակում. այս երեքը միասին հինգ պետություն կոչնչացնեին, բայց մենք կարողացանք դիմանալ և անկախություն կերտել: Եվ ինչն է առանձնահատուկ այստեղ. մենք կորուստներ չունեցանք՝ ո՛չ քաղաքացիական առումով, քանի որ պատերազմ չեղավ, ո՛չ էլ տարածքային կորուստներ ունեցանք: Ավելին՝ երկիրը այդ մեծ հարվածներից դուրս եկավ պլյուսներով, դրանք մի քանիսն էին, որոնցից է նաև Ղարաբաղը: Տեսեք՝ Ադրբեջանը կորցրեց, Մոլդովան կորցրեց, Ուկրաինան վերջնական արդյունքում կորցրեց, Վրաստանը կորցրեց, դեռ չգիտենք Բելառուսը ինչով կավարտվի, իսկ մենք այդ հարվածներից պլյուսով դուրս եկանք, սա փաստ է: Մենք օրինական ճանապարհն էինք ընտրել, մենք ամեն ինչ արեցինք սովետական օրենքներով, և երկրորդ պատճառը պատեհություն էր, մեր բախտը բերել է, որ «Ղարաբաղ» կոմիտեն շատ խոհեմ էր, քաղաքական հասուն լիդերներ էին և ժողովրդին արկածի չտանելը շատ կարևոր էր։
– Իսկ այդ օրինական ճանապարհով գնալը մեզ հետագայում պե՞տք եկավ:
– Այո, շատ պետք եկավ: Այդ օրինականությունը թույլ տվեց, որ 1991թ. մայիսին Տեր-Պետրոսյանը դիմի ՄԱԿ գլխավոր քարտուղարին և միջազգային այլ կառույցների՝ դիտորդներ ուղարկելու համար, և հանրաքվեի ժամանակ 120 դիտորդ եկավ Հայաստան, բոլորը ոգևորված գնացին, այնքան բարձր էր լեգիտիմության և օրինականության մակարդակը, որ Հայաստանն անմիջապես ճանաչվեց միջազգային կառույցների անդամ, 3 ամսվա ընթացքում 48 երկիր Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատեց, 6 ամսվա ընթացքում մենք դարձանք ՄԱԿ-ի անդամ, այդ լեգիտիմությունը և նվազագույն կորուստների ճանապարհով ժողովրդին տանելը բերեց այնքան վստահություն, որ մենք 90թ. հաղթեցինք պառլամենտում, հաղթեցինք պատերազմում, այսինքն՝ ժողովուրդը գնում էր զրկանքների, բայց հավատում էր, վստահում էր, եթե դա չլիներ, մահապարտները չէին լինի, հատուկ գունդը չէր լինի, չէր լինի հաղթանակը և չէր լինի նաև ժողովրդավարության կայացումը, մենք կարողացանք ժողովրդավար երկիր ունենալ… Կարևոր է նաև, որ Հայաստանի կոմունիստներն իրենց թշնամաբար չպահեցին մեր նկատմամբ:
– Այսինքն՝ դուք հասկանում էիք քաղաքական կոնսենսուսի արժեքը:
– Այո, և արդյունքն ակնհայտ էր: Երբ ես ընթերցում էի Հայաստանի Անկախության հռչակագիրը, դահլիճում երկու դրոշ կար՝ Խորհրդային Հայաստանի դրոշը՝ կապույտ կարմիր, կապույտ և եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագուն, և երբ ընդունվեց Եռագույնի մասին օրենքը, մենք խորհրդային դրոշը գեղեցիկ արդուկած դրեցինք տուփի մեջ և պաշտոնապես տարանք հանձնեցինք պատմության թանգարանին: Այսինքն՝ մենք չմերժեցինք Սովետական Հայաստանի գոյությունը, մենք մերժեցինք կոմունիտական գաղափարախոսությունը, բայց դա չի նշանակում, որ մերժեցինք Վիկտոր Համբարձումյանին, Արամ Խաչատրյանին, Մարտիրոս Սարյանին:
– Շուրջ 30 տարի է անցել, բայց պարզվում է իմպերիայից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:
– Երբ որ քեզ պահում ես արժանապատիվ և քո թիկունքին կանգնած է ժողովուրդը, դուխդ բարձր է, ձեռքդ սեղանին խփելու և դու-ով խոսելու հնարավորություն ես ունենում… Հռչակագրի ընդունումից հետո Ռուսաստանը մեզ հետ հաշվի էր նստում որպես երկիր: Հռչակագրի ընթերցումից երեք ամիս հետո Ռուսաստանը և Հայաստանը ստորագրեցին համագործակցության միջպետական պայմանագիր: Թվում է՝ իմպերիան պիտի ճնշեր, խփեր, ինչը փորձում էր երբեմն անել, բայց եկավ ստորագրեց պայմանագիր, որովհետև ուժեղ էիր, արկածախնդիր չէիր և քո թիկունքին ժողովուրդն էր: Այսինքն՝ իմպերիան քեզ հետ հաշվի է նստում, եթե դու ինքդ քեզ հետ հաշվի ես նստում և արժանապատիվ կեցվածք ունես ու խուսափում ես արկածախնդրությունից: Մենք փորձում էինք ավելորդ անգամ ռուսների հետ հարաբերությունները չսրել, փորձում էինք լուծ...
Կարդալ ամբողջովին