Երևի քչերը գիտեն, որ հայի մեծ ցավի մասին պատմող «Մայրիկ» և «Պարադի փողոց N 588» ֆիլմերում հնչող երաժշտության վիրտուոզ կատարողը մեր ազգակից, ֆրանսիաբնակ դուդուկի վարպետ կատարող Լևոն Մինասյանն է։ Հենց նա է նվագակցել նաև Մել Գիբսոնի հայտնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում ու մինչ օրս էլ շարունակում է հրավերներ ստանալ՝ ինչպես՝ հայտնի ֆիլմարտադրող ընկերություններից, այնպես էլ՝ ռեժիսորներից։ Ֆրանսիայի Հանրապետության «Ասպետի» կոչմանն արժանացած ու երաժշտական գերաստղերի՝ Սթինգի, Փիթեր Գաբրիելի, Պատրիկ Ֆիորիի և այլոց հետ համերգներով ներկայացած դուդուկի վարպետը մեծ հիացմունքով է խոսում դուդուկի մասին, որը, նրա համոզմամբ, աշխարհի ամենաթանկ ու անգին գործիքն է, և որը միայն իրենն է ու մերը։ «Երբ սկսեցի դուդուկ նվագել, թողեցի մնացած գործիքները, որոնց նույնպես հիանալի տիրապետում էի։ Ավելին՝ կյանքս նվիրեցի դուդուկին։ Ճամփորդել եմ ամբողջ աշխարհում, բայց երբեք չեմ բաժանվել իմ սիրելի երաժշտական գործիքից»,- պատմում է Լևոն Մինասյանը։ – Պարոն Մինասյան, ի՞նչն է ազդել Ձեր ընտրության վրա՝ վարպետանալ ու նվագել հատկապես դուդուկ։ – Դուդուկը Հայաստանից եկող առաջին ձայնն է։ Ես ծնվել եմ Մարսելում, գաղթականի ընտանիքում, և դուդուկով հիացած եմ եղել դեռ վաղ մանկուց։ Հիշում եմ՝ կարոտով էինք լսում Վոլոդյա Հարությունյանի, Եղիշե Մանուկյանի, Ջիվան Գասպարյանի և այլ վարպետների կատարումները։ Երևի հենց այդ վերաբերմունքը վճռորոշ եղավ իմ ընտրության հարցում։ – Դուք այնքան հիացմունքով եք խոսում դուդուկի մասին, որ ակամայից հարց է ծագում՝ արդյո՞ք միայն հայի ձեռքում կարող է դուդուկն այդքան հուզիչ, խորհրդավոր ու կատարյալ լինել։ – Ոչ բոլորն են հասկանում դուդուկի խորհուրդն ու խորությունը, հետևաբար՝ ոչ բոլորը կարող են փոխանցել համապատասխան հույզերը։ Ճիշտ է, որ դուդուկը երաժշտական առումով շատ ավելի նեղ հնարավորություններ ունի, բայց նվագողը մշտապես պետք է իր մեջ կրի մարդ մնալու առաքինությունը։ Երաժիշտն այն մարդը չէ, ով պարզապես նվագում է, այլ նա է, ով ունի իր ներքին տեսողությունը։ Դուդուկ նվագելու և լավ նվագելու համար պետք է պոետ լինել, նկարչին հատուկ աչք ունենալ, մի խոսքով՝ միանշանակ, էսթետի տեսողություն է պետք… Հեշտ չէ, գիտե՞ք (ժպտում է.- Ն.Մ.)։ – Ի՞նչ երաժշտություն կարելի է նվագել դուդուկով, կա՞ արդյոք երաժշտական հատուկ մի ժանր, որը խորհուրդ չի տրվում նվագել այս գործիքով։ – Դուդուկով ցանկացած երաժշտություն կարելի է նվագել, ինչն էլ ես հաճախ անում եմ համաշխարհային մեծության աստղերի հետ համագործակցելիս։ Նվագել եմ և՛ դասական, և՛ ջազ։ Խնդիրը միայն տվյալ ժանրի մեղեդին դուդուկի հետ ճիշտ համադրելու մեջ է՝ պահպանելով սահմանները։ – Ի՞նչ սահմանների մասին է խոսքը։ – Այսօր դուդուկն աշխարհում ամենադյութիչ առաջին գործիքն է։ Օտարազգի հանդիսատեսի համար դուդուկի մեղեդին հրաշալի հուզիչ երաժշտություն է։ Պատահական չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է «աշխարհում ժողովուրդների հոգեկերտվածքն արտահայտող առաջին գործիքը», սակայն սա դուդուկը գերագնահատելու և մնացած երաժշտական գործիքներից վեր դասելու առիթ չի տալիս։ Հետևաբար, սահմաններ ասելով՝ նկատի ունեմ հարգանքը՝ մյուս մշակույթների նկատմամբ ևս։ – Լսել եմ՝ Ազնավուրի հետ ծանոթությունն անսովոր պայմաններում է կայացել։ – Չզարմանաք՝ նրա հետ ծանոթացել եմ վերջերս՝ Հայաստանում։ 2007-ին էր, երբ նա Հանրապետության hրապարակում մեծ համերգ ունեցավ։ Չնայած երկուսս էլ ողջ կյանքում ապրել ենք նույն երկրում՝ Ֆրանսիայում, երկուսս էլ երաժիշտ ենք ու նաև հայրենակից, բայց մեր առաջին հանդիպումն այդ համերգի ժամանակ է եղել։ Ֆրանսիա վերադառնալուց հետո մի օր նա գալիս է ձայնագրման ստուդիա, որտեղ ես էի նվագում։ Նախապես խնդրում է, որ ինձ չհայտնեն իր այցելության մասին՝ ասելով. «Չեմ ցանկանում խանգարել նրան, պարզապես կլսեմ, և, եթե կատարումն ինձ դուր գա, կհրավիրեմ մասնակցելու իմ նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին»։ Այդպես էլ եղավ։ Մի քանի օրից ինձ զանգահարեցին նրա գրասենյակից ու հրավիրեցին Ազնավուրի հետ հանդիպման։ – Իսկ Անրի Վերնոյի հայտնի ֆիլմերում մասնակցելու առաջարկն ինչպե՞ս եք ստացել։ – Անրի Վերնոյի հետ ինձ ծանոթացրել են կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցն ու Ժան Կլոդ Պտին։ Վերջինս հենց «Մայրիկ» և «Պարադի փողոց N 588» ֆիլմերի երաժշտության հեղինակն է։ Նա գիտեր ինձ, իմ կատարումը նրան դուր էր գալիս, սակայն ես երբեք նման առաջարկի հույս անգամ չեմ ունեցել։ Ինձ հետ զրուցելուց հետո մի օր Վերնոյը զանգահարում է մեր տուն՝ ինձ հանդիպման հրավիրելու։ Ես տանը չեմ լինում, և նա զրուցում է մորս...
Կարդալ ամբողջովին