Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության նախագահ Վ. Ի. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յու. Ս. Պիլիպենկոյին՝ կոչ անելով աջակցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին իրավական օգնություն տրամադրելու հարցում:
Ստորև ներկայացնում ենք դիմումի տեքստն ամբողջությամբ.
«Հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատի պատրաստակամությունն իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման աջակցության հարցում՝ տեղեկացնում ենք Ձեզ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտման փորձի մասին:
Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա՝ հետագա հանձնման նպատակով, գտնվում էր կալանքի տակ Բելառուսի Հանրապետության տարածքում: Կալանավորման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Լապշինը 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ 2016թ. ապրիլի 6-ին և հունիսի 29-ին իր բլոգում հանդես է եկել ԼՂՀ անկախության սատարման կոչով:
Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Լապշինի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 281.2 («Հանրային կոչեր՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը, որը կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից») և 318.2 («Ադրբեջանի պահպանվող պետական սահմանը հատելը՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետից դուրս, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»), հոդվածների հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: Տվյալ պահին ընթանում է Ալեքսանդր Լապշինի՝ դեպի Ադրբեջան էքստրադիցիայի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:
Հաշվի առնելով հայ փաստաբանների մասնագիտական կարծիքը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա Ալեքսանդր Լապշինի հանձնումն անթույլատրելի է, քանի որ նմանատիպ գործողությունները հակասում են սույն ոլորտը կարգավորող միջազգային և ներպետական իրավական ակտերի պահանջներին:
Մասնավորապես՝
1. Կոնվենցիոն նորմերը բացառում են խնդրվող անձի հանձնումը, եթե առկա են ծանրակշիռ հիմքեր՝ ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելու հետ՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ: Տվյալ դեպքում անվիճելի է այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինները իրականացնում են անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների և մասնագիտական գործունեության հետ:
Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովի հաղորդագրության համաձայն՝ Ա. Լապշինը Բելառուսում կալանավորվել է այն բանի համար, որ նա, իբրև գտնվելով մի խումբ անձանց հետ հանցավոր համաձայնության մեջ, ապօրինաբար այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, որտեղ բացահայտ կերպով ելույթ է ունեցել ադրբեջանական պետականության դեմ ուղղված կոչերով: Այդ նույն աղբյուրում նշված է, որ Լապշինը 2016 թվականի ապրիլի 6-ն և հունիսի 29-ին հանդես է եկել հանրային կոչերով՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության սատարմանը:
Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինները տվյալ գործողությունները ձգտում են որակել որպես՝ ադրբեջանական պետականության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ, ինչն անթույլատրելի է:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Լապշինի հետապնդումը հակասում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19): Այդ նույն հիմքերով անձի հանձնման անթույլատրելիությունը երաշխավորված է նաև Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով, որի համաձայն՝ օտարերկրյա պետության պետական մարմնի խնդրանքը, որը պարունակում է դրույթներ՝ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նշված անձին օտարերկրյա պետությանը հանձնելու վերաբերյալ, չի կատարվում, եթե այդ խնդրանքի նպատակներն են՝ անձի քրեական հետապնդումը կամ անձին պատժելը, ում նկատմամբ ստացվել է նման խնդրանք՝ ռասայական, սեռային, դավանանքի, քաղաքացիության, ազգության, որոշակի սոցիալական խմբին պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հիմքով:
Ավելին, հանրահայտ է, որ խոսքի ազատության դաշտում Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է ռեպրեսիաների և հարձակումների քաղաքականություն` օրենսդրորեն խստացնելով պատիժները՝ համացանցում քննադատողական հրապարակումների համար, բանտարկելով ակտիվիստներին՝ այդպիսով խախտելով լրագրողների և ակտիվիստների իրավունքները: Այդ մասին խոսվում է նաև «World Organization Against Torture» կայքում հրապարակված 18 իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ դիմումի մեջ, ինչը շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից քննարկումների և քննադատությունների առարկա է հանդիսացել:
2. Բացի վերոնշյալ պահանջներից, միջազգային-իրավական նորմերով սահմանված է պարտադիր պահանջ, որը պետք է պահպանվի քրեական հետապնդման նպատակով հանձնման ժամանակ. հայցող և հայցվող կողմերի ներքին օրենսդրությունների համաձայն՝ արարքը պետք է հանդիսանա քրեորեն պատժելի : Լապշինին մեղսագրվող հանցակազմի դիսպոզիցիան (Ադրբեջանի ՔՕ 281.2 հոդված) սահմանված է հետևյալ կերպ. «Ադրբեջանի իշխանությունը բռնի զավթելու, իշխանությունը բռնի պահելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման կամ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հանրային կոչերը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը»:
Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավարի հաղորդագրության համաձայն՝ Լապշինը բացահայտ կերպով ելույթ է ունեցել ադրբեջանական պետականության դեմ ուղղված կոչերով. 2016 թվականի ապրիլի 6-ն և հունիսի 29-ին նա հանդես է եկել հանրային կոչերով, որոնք ուղղված են եղել միջազգային մակարդակի վրա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարմանը՝ սատար կանգնելով օկուպացված հողերում ապօրինաբար գործող ռեժիմի «անկախությանը»:
Համադրելով նշված հաղորդագրությունը Ադրբեջանի ՔՕ 281.2 հոդվածի բովանդակության (դիսպոզիցիայի) հետ՝ պարզ է դառնում, որ Լապշինի արարքը, հավանաբար, պետք է որակվեր Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից որպես Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը:
Համադրելով հայցող և հայցվող կողմերի ՔՕ հոդվածների դիսպոզիցիաները՝ ակնհայտ է, որ Լապշինին մեղսագրվող արարքը չի հանդիսանում քրեորեն պատժելի Բելառուսի Հանրապետությունում, քանզի ԲՀ ՔՕ-ում համապատասխան հանցակազմը բացակայում է: Այդ հանցակազմին նման հանցակազմ սահմանված է 361-րդ հոդվածի 1-ին մասում (Բելառուսի Հանրապետության պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման կամ պետական դավաճանության կամ տեռորիստական ակտ կամ դիվերսիա կատարելու կամ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված այլ գործողությունների կատարման հրապարակային կոչերը կամ այդպիսի կոչեր պարունակող նյութեր տարածելը): Հանձնման անթույլատրելիությունը՝ այդ հիմքով ևս նախատեսված է ԲՀ ՔԴՕ-ի 481-րդ հոդվածով:
Անհրաժեշտ է նաև նշել այն մասին, որ Ադրբեջանական Հանրապետության ՔՕ-ի 281.2 հոդվածի կիրառումը Լապշինի նկատմամբ հիշեցնում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կիրառման պրակտիկան, որի...
Կարդալ ամբողջովին