-Պարոն Չոբանյան, օրերս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ամփոփվեցին տարբեր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Հաշվի առնելով ունեցած ձեռքբերումները, մարտահրավերները` ասացեք խնդրեմ, առաջիկայում որո՞նք են լինելու միության առաջնահերթությունները:
-Անցած մեկ տարին ոլորտի համար հետաքրքիր ռազմավարական շրջան է եղել՝ հաշվի առնելով 2020 թվականի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Ձևավորվեց միության նոր ռազմավարությունը, նախանշվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կարող են Հայաստանին օր առաջ ոտքի կանգնեցնել: Առաջին ուղղությունը մնաց կրթությունը և աշխատուժի բացահայտումը: Դա է պատճառը, որ միության ամենածավալուն ու մեծ ծրագրերն ուղղված են կրթության ոլորտին: 2012 թվականից սկսած մենք մտանք դպրոցներ, ստեղծեցինք ինժեներական լաբորատորիաներ: Արդեն մեր կրթական ծրագրերի երիտասարդները մտնում են աշխատաշուկա կամ որոշում են իրենց ապագան կապել գիտահետազոտական գործունեության հետ: Այս արժեշղթայի մեջ հիմնական բազան «Արմաթ» կրթական լաբորատորիաներն են, որոնց թիվն ավելի քան 600 է, և այդտեղ սովորում է շուրջ 18 հազար աշակերտ: Նրանց մեծ մասն անմիջապես մտնում է ոլորտային ընկերություններում աշխատելու, իսկ 10-12 տոկոսն էլ ստեղծում են իրենց ընկերությունները:
Հաջորդ ռազմավարական ուղղությունն անվտանգությունն է, որն իր հերթին ներառում է մի քանի ուղղություններ: Առաջինը ռազմարդյունաբերությունն է: Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման համար չափազանց կարևոր է դիտարկել հետևյալ հանգամանքները: Ռազմարդյունաբերությունն արդյունաբերության մի ճյուղ է և չի կարող այն զարգանալ, եթե երկրում չկա ընդհանուր արդյունաբերության զարգացում: Տվյալ դեպքում մենք խոսում ենք ոչ միայն ինժեներական լուծումներից, այլև արտադրական կարողություններից, որը նշանակում է բաձր տեխնոլոգիական արտադրության զարգացում կամ ավելի ճիշտ վերականգնում: Ռազմական արդյունաբերությունը սպասարկելու արտադրական կարողություններ գրեթե չունենք: Այս առումով առաջնահերթ է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծելը:
Հաջորդը ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համախմբումն է, կարողությունները զարգացնելը, նրանց կողմից մշակվող լուծումները, պրոդուկտներն առաջ մղելը, նրանց միջև համագոյակցություն ստեղծելը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեց այդպիսի հարթակ, որի շուրջ համախմբում էինք այն ընկերություններին, որոնք աշխատում էին այս ուղղությամբ: Այսօր կառավարության հետ համագործակցությամբ պետք է նոր վերագործարկում կատարենք այս ուղղությամբ, որպեսզի մի քանի տարի հետո ուրիշ համակարգ ունենանք ու ներդնենք նոր մեխանիզմներ ռազմարդյունաբերության ֆինանսավորման համար:
Հաջորդ ուղղությունը գիտության զարգացումն է, էլեկտրոնային կառավարման կամ թվայնացման ծրագրերն են: Վերջին 10 տարիներին էական փոփոխություններ տեղի չեն ունեցել այս առումով, այստեղ ևս վերագործարկման կարիք կա: Վերջին ուղղությունը Հայաստանի դիրքավորումն է միջազգային տեխնոլոգիական ոլորտում, բրենդինգն է բարձր տեխնոլոգիական ոլորտի առումով: Մենք հիմա զբաղված ենք այդ հարցերով:
-Ինչպես միության համագումարին նախարարն էր ընդգծել, նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ուղղություններում այսօր արդեն կենսական պահանջ է: Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ ենք այդ ուղղությամբ հաջողում: Ո՞ր ոլորտներում ունենք հաջողություններ, միգուցե բանկային, ֆինանսական ոլորտը:
-Դա կարևոր դիտարկում է: Իհարկե, ոլորտներ կան, որտեղ ավելի կրիտիկական է տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես, օրինակ, առողջապահությունը, ծառայությունները: Կան ոլորտներ, որտեղ դեռ թույլ է տեխնոլոգիաների կիրառումը, օրինակ, գյուղատնտեսությունը, բայց մենք գիտենք, որ տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը այդ ոլորտի հնարավորությունների բազմապատկման ամենալուրջ գործիքակազմն է: Այս առումով մեզ համար ևս մարտահրավեր կա:
Այո, ճիշտ նշեցիք, որ բանկային ոլորտը, գուցե, թվային տեխնոլոգիաների կիրառման առումով առաջադեմ ուղղություններից է, բայց վերջին շրջանում նույն ռուսական ընկերությունների մուտքից հետո, երբ մեծ քանակով ռուսաստանցիներ եկան Հայաստան, որոշ խնդիրներ ընդգծվեցին: Շատ են բողոքում մեր բանկային ծառայություններից: Մենք հասկացանք, որ բավական հետ ենք այս առումով և մեծ աշխատանք ունենք անելու: Երկար տարիներ աշխատել եմ թվայնացման ոլորտում, իսկապես համարում եմ, որ վերջին տասնամյակի ընթացքում գրեթե տեղաշարժեր չեն եղել այդ ուղղությամբ: 2008-2012 թվականը թվայնացման գործընթացի ամենաբուռն ժամանակաշրջանն է եղել Հայաստանում ու հիմա պետք է այդ տեմպը վերականգնենք: Հայաստանում այս առումով հնարավորությունները շատ ավելի մեծ են առկա բարձր տեխնոլոգիական ոլորտի շնորհիվ: Եթե կան երկրներ, որոնց այլընտրանքը միայն արտերկրից տարբեր լուծումներ ներմուծելն է, ապա Հայաստանի պարագայում այդ գործիքները, ավտոմատացումները կարող են կատարվել տեղական ընկերությունների ջանքերի շնորհիվ:
- Խոսեցինք մարտահրավերներից: Անդրադառնանք ռուս-ուկրաինական իրադարձություններով պայմանավորված զարգացումներին: Ինչպես գիտենք Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից շատ ընկերություններ, մասնագետներ տեղափոխվում են այլ երկրներ: Ձեր ունեցած վերջին տեղեկություններով, ինչպիսի՞ պատկեր ունենք Հայաստան տեղափոխվող ՏՏ ընկերությունների ու մասնագետների վերաբերյալ: Ինչ խնդիրներ վերհանվեցին:
-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռելոկացիան նորություն չէ: Այս ոլորտն անընդհատ գտնվում է տեղաշարժվելու իրավիճակում՝ դեպի ավելի զարգացած, ավելի ոչ ռիսկային շուկաներ: Օրինակ, մեկ տարի առաջ այդպիսի գործընթաց սկսվեց Բելառուսից, երբ ներքին ընթացակարգեր փոխվեցին, Վրաստանն արագ արձագանքեց ու դրա արդյունքում մեծացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ծավալն իր տնտեսության մեջ: Մենք չգիտեմ ինչու ավելի զուսպ ենք մոտենում այս հարցերում: Կա մրցակցություն, երկրները հերթի մեջ են և ուզում են առավելագույնս օգտվել մասնագիտական ներուժից: Ես կարծում եմ, որ Հայաստանը, համապատասխան գործիքակազմի ստեղծման տեսանկյունից, շատ դանդաղ է արձագանքում, որովհետև այն փոփոխությունները՝ օրենսդրական իրավական, որոնք առկա են Հայաստանում, համադրելի չեն նույն Վրաստանի, Ուզբեկստանի առաջարկած պայմանների հետ:
Երկրորդ խնդիրը, որ շատ ավելի կրիտիկական է, մենք չունենք ռազմավարական դիրքորոշում այս հարցի հետ կապված, որովհետև ինչպես նշեցի ռելոկացիան անընդհատ շարունակվող պրոցես է: Այսօր Ռուսաստանից, Ուկրաինայից են գալիս, վաղը կարող են գալ Հնդկաստանից, Իրանից կամ այլ երկրներից: Դրանից բացի մենք Սփյուռքում ու...
Կարդալ ամբողջովին