Պատերազմը, սակայն, մի օրում չի սկսվում. որքան էլ պայմանական սկիզբ ընտրվի պատմությունը համակարգելու նպատակով, արժե խորանալ պատերազմ ծնող արմատների ու հանգամանքների, նախադրյալների մեջ, քանզի մանրուքներն ու անկարեւոր թվացող ազդակներն արհամարհելը կարող է շատ թանկ ու ծանր կորուստների հանգեցնել, ինչպես որ եղավ Երկրորդ համաշխարհայինի, եւ, առհասարակ, ինչպես որ կարող է լինել ու լինում է ցանկացած պատերազմի դեպքում։
Հիտլերն ու նրա հրոսակախումբը, իհարկե, մի օրվա ծնունդ չէին. պատերազմները, ըստ էության, չեն ավարտվում. նրանց միջեւ ընդամենը լինում է դադար՝ կարճ կամ երկարատեւ։ Հիտլերը դեռ 1913 թ. իր ծննդավայր Ավստրիայից տեղափոխվել է Գերմանիա եւ Առաջին համաշխարհայինի ժամանակ անդամագրվել գերմանական բանակին, իսկ 1921 թ. դարձել նացիստական կուսակցության առաջնորդը։ Երկրորդ համաշխարհայինի գլխավոր հանցագործի ասպարեզ մտնելու մասին ուշագրավ հուշեր է պատմում Ստեֆան Ցվայգը իր «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» գրքում. «Հիշում եմ, որ մի անգամ (ճշգրիտ թվականը չեմ կարողանում մտաբերել) Մյունխենից եկած ծանոթներիցս մեկը բողոքում էր, թե այնտեղ դարձյալ անկարգություններ էին սկսվել. հատկապես հիշատակում էր «Հիտլեր անունով անպատկառ» ճառասացին, որը կատաղի ծեծկռտուքներով ուղեկցվող հավաքներ էր կազմակերպում, ատելություն հրահրում հանրապետության եւ հրեաների դեմ» (գերմ. թարգմ.՝ Ամալյա Ալեքսանյանի)։ Այդ անունը Ցվայգին ոչինչ չէր ասում, եւ շուտով էլ, ինչպես վկայում է նա, այն մոռացվեց, քանզի խարխլված Գերմանիայում ճամարտակողների ու աղմկարարների պակաս չկար, սակայն շատ չանցած՝ խառնամբոխը վերածվեց կազմակերպված ու խիստ վարժված ճարպիկ ջոկատների՝ «թեւքներին սվաստիկայով վառվռուն ժապավեններ։ Նրանք հավաքներ ու զանգվածային երթեր էին կազմակերպում, շքերթային քայլքով երգելով՝ անցնում էին փողոցներով եւ խմբով վանկարկում, պատերին սոսնձում էին հսկայական պաստառներ, վրան սվաստիկաներ էին խազմզում. այդ ժամանակ միայն հասկացա, որ անսպասելիորեն առաջացող հրոսակախմբերի հետեւում պետք է կանգնած լինեին ֆինանսական եւ այլ բնույթի ազդեցիկ ուժեր։ Հիտլերը, որն այդ ժամանակ դեռ ճամարտակում էր բավարական գարեջրատներում, ամեն ինչից դատելով՝ հազիվ թե միայնակ կարողանար ստեղծել հազարավոր դեռահասների թանկ արժեցող մեքենան»։
Համընդհանուր աղքատության ֆոնին, որն այդ ժամանակ տիրում էր Գերմանիայում, իսկույն աչքի էին զարնում միանգամայն նոր համազգեստներով, նոր մեքենաներով, մոտոցիկլետներով, բեռնատարներով, հատուկ մարտավարության վարժեցված երիտասարդական ջոկատները, որոնց «կանոնավոր կերպով խստակրթում էր» Ռայխսվերի գաղտնի ծառայության լրտես Հիտլերը։ Բռնության, հարձակման, ահաբեկության վարժեցված երբեմնի «հում» նյութն առավել ու առավել վտանգավոր էր դառնում՝ այն աստիճան, որ նրանց գաղտնի սատարողներն անգամ սարսափած էին դաժանությունից ու նրանց ոտքի ելնելու արագ թափից։ Հանրության ուշադրությունը նրանք գրավում էին նրան հուզող հարցեր շոշափելով ու քավության նոխազներ մատնանշելով։ Երբ իշխանություններն ուշքի եկան, Մյունխենն արդեն Հիտլերի ձեռքում էր. «...բոլոր ձեռնարկությունները զավթված էին, թերթերը հրացանների փողերի տակ ստիպված էին հաղթականորեն հայտարարելու կատարված հեղաշրջումը»։ Ովքեր հավատացած էին, թե Հիտլերին ծուղակն են գցել, իրականում իրենք էին հիմարացված։ Հիտլերը, այնուամենա...