
Կրկեսային մեծ շոու-ծրագրով առաջին անգամ Հայաստանում կլինեն ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները։ Նրանց առաջին ներկայացումները նախատեսված են սեպտեմբերի 2-ին եւ 3-ին։ 2017 թվականին ռուսական «Минута славы» նախագծում հաղթելուց հետո մեծ ճանաչում ձեռք բերելով ու ներկայանալով աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյանները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։Ծրագրում լինելու են ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ, աճպարար եւ, իհարկե, Վարդանյան եղբայրները․ «Լինելու են շատ բարդ ու վտանգավոր համարներ, էքստրիմ շոու... Նկարագրելը փոքր-ինչ դժվար է, ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Ծրագրել ենք այնպիսի ցուցադրություն, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի ե՛ւ փոքրերի, ե՛ւ մեծերի համար»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։
Կրկեսային ցուցադրությունները կանցկացվեն «Հրազդան» մարզադաշտի մոտ։ Վարդանյանը նշում է, որ այս տարածքն ամենահարմարն է՝ շրջիկ կրկեսի ձեւաչափն ապահովելու համար։ Այժմ այնտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի լավագույնս ներկայանան պրեմիերային։
Եղբայրներն անկեղծանում են՝ այս ժանրում հանդես գալու համար իրենք խախտել են ֆիզիկայի բոլոր կանոնները, քանի որ իրենց կազմվածքը, հասակն ու քաշը լիարժեք չեն համապատասխանում ուժային ակրոբատիկայի սահմանված չափանիշներին։ Սակայն մասնագիտության հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը ստիպել են առաջ շարժվել ու անել գրեթե անհնարինը։ Նկատում են՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը։
Անդրանիկ Վարդանյանը հիշում է՝ երբ դեռ փոքր էին, հորեղբայրն...