Նախօրեին «Ժամանակ» օրաթերթը սկանդալային մի տեղեկատվություն էր հրապարակել, որը, թերևս, արժանի ուշադրության չարժանացավ մեդիա դաշտում և քաղաքական շրջանակներում։ Թերթը գրել էր, թե Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված և Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է առաջիկայում մամուլի ասուլիս կազմակերպել և հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ: Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Այժմ Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին։ «Ժամանակն» այսօր արդեն նոր տեղեկատվություն է տպագրել՝ տեղեկացնելով, թե Շիշկինը կասկածում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները իրեն վարակել են առողջության համար խիստ վտանգավոր հեպատիտ E-ով, հեպատիտի մի տեսակ, որի հարուցիչը չկա Հայաստանում, և, բնականաբար, Շիշկինը դրանով չէր կարող վարակվել առանց կողմնակի միջամտության: Մինչ այդ Շիշկինը եղել է հեպատիտ A-ի կրող, որը այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար։
Շատերը համարում են, որ Շիշկինը էպատաժային գործիչ է ու սիրում է հանդես գալ սկանդալային հայտարարություններով, որոնք հետո չեն ապացուցվում կամ հերքվում են։ Ամենևին նպատակ չունենք հակադրվել այս կարծիքին, մյուս կողմից՝ իրավունք չունենք կասկածի տակ դնելու ռուսաստանցի վտարանդի գործչի պնդումները, մանավանդ որ Մոսկվան նման, այսպես ասած, դիվերսիոն գործողություններով աչքի է ընկել նաև այլ երկրներում, որոնք շատ ավելի պաշտպանված են ռուսական ագրեսիվ քաղաքականության ազդեցությունից և հետևանքներից։
2006 թվականի նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի առողջական վիճակը խիստ վատթարանում է։
Հոսպիտալացվելուց և բժշկական ախտորոշումից հետո պարզ է դառնում, որ Լիտվինենկոյին թունավորել են պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութով։ Ի վերջո, նոյեմբերի 23-ին Լիտվինենկոն կնքում է մահկանացուն՝ դառնալով բժշկությանը հայտնի պոլոնիում-210-ով թունավորված սուր ճառագայթային համախտանիշի առաջին զոհը։ Լիտվինենկոյի թունավորման և մահվան վերաբերյալ առաջ են քաշվել մի շարք վարկածներ. ըստ բրիտանական հետաքննության՝ Լիտվինենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալ էր համարվում Ռուսաստանի դաշնային պաշտպանության ծառայության սպա Անդրեյ Լուգովոյը։ Հետաքննության նպատակով Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Լուգովոյին։ Արտահանձնումը մերժելուց հետո երկրների միջև տեղի է ունենում հարաբերությունների սառեցում։
Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված, ապա Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
...Կարդալ ամբողջովին