-Նախ շնորհավորում եմ, պարոն Բոբոխյան, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն: Պատմեք խնդրեմ, ինչպե՞ս ընտրեցիք հնագիտությունը և ինչպե՞ս հասկացաք, որ պիտի շարունակեք հենց այդ ուղղությամբ:
- Մինչ Պատմության ֆակուլտետ ընդունվելն արդեն հետաքրքրվում էի հնագիտությամբ: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է նախատրամադրվածություն ունենաս: Մեր մասնագիտությամբ շարունակելու համար միայն գիտելիքը բավարար չէ. անհրաժեշտ է սիրահարված լինել գործին: Ինձ թվում է այդ նախատրամադրվածությունն է ինձ բերել հնագիտություն: Մեր հողին, հուշարձաններին սիրահարված եմ եղել և շարունակում եմ մնալ: Դժբախտաբար իդեալիստները պակասել են մեր օրերում, մենք շատ ռեալիստ ենք դարձել` անընդհատ պրակտիկ բաների ենք ձգտում. դա չի կարող զարգացնել մեզ:
-Պեղումներ կատարե՞լ եք որևէ հուշարձանում:
- Ինձ բախտ է վիճակվել պեղումների մասնակցել և´ Հայաստանում, և´ Հայաստանից դուրս: Առաջին անգամ պեղումների մասնակցել եմ ուսանողական տարիներին` Լոռի բերդում, Հոռոմում, Ծաղկասարում: Հիմա երկու ծրագրի եմ մասնակցում: Մեկը նվիրված է «Վիշապ» քարակոթողների ուսումնասիրությանը Արագածի հարավային փեշերի բարձր լեռնային հատվածում՝ Տիրինկատարում: Բացի այդ, Սևանի արևելյան ափերին` Սոթքից Արտանիշ ընկած գոտում ուսումնասիրում ենք տարածքի հնագույն հուշարձանները: Գերմանիայում սովորելու ընթացքում ինձ բախտ է վիճակվել մասնակցել պեղումների Արաբական Միացյալ Էմիրություններում (Ալ Բուհայիս), Թուրքիայում (Տրոյա) և Վրաստանում (Ուդաբնո):
-Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը հնագիտության և ազգագրության ոլորտում: Ինչպիսի՞ տեսլական ունեք:
- Ես շատ լավ վիճակում եմ գտնվում այն իմաստով, որ ինձանից առաջ տնօրեն Պավել Ավետիսյանը շատ մեծ գործ է արել մեր գիտության զարգացման բնագավառում: Ընդհանրապես մեր ինստիտուտի բախտը բերել է, որ միշտ լավ տնօրեններ է ունեցել: Իմ առաջին նպատակը եղած ձեռքբերումները պահպանելն է, որովհետև մենք հիմա ապրում ենք շատ բարդ ժամանակներում: Շատ բաներ աշխարհում փոխվում են, վերաիմաստավորվում: Շատ քիչ են մեր պատմության մեջ կայուն, խաղաղ ժամանակները, մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես պահպանենք եղածը: Ասել, որ երկնքից ինչ-որ բաներ եմ իջեցնելու` սխալ կլինի: Ուղղակի պետք է փորձենք պահպանել ձեռքբերումները՝ հնարավորինս ադապտացվելով արդի գիտության և մեր պետության պահանջներին` չնեղանալով փոքր խնդիրներում, բայց նաև չմոռանալով ինքնության պահպանման մասին: Պետք է միշտ պահպանել հավասարակշռությունը:
-Արդեն մեկնարկել է պեղաշրջանը: Քանի՞ հուշարձաններում են այս տարի պեղումներ իրականացվում, ի՞նչ ակնկալիքներ կան: Որ՞ հուշարձանների հետ մեծ հույսեր ունեք:
- Պեղումներ իրականացվում են բոլոր դարաշրջանների հուշարձաններում`սկսած քարի դարից մինչև միջնադար: Հենց հիմա ընթանում են տարբեր պեղումներ քարի դարի (Աղիտու), բրոնզի և երկաթի դարերի (Կառնուտ, Սոլակ), անտիկ (Արտաշատ), միջնադարյան (Տավուշ, Արուճ) հուշարձաններում: Պեղումներն ավելի կակտիվանան հուլիսի երկրորդ կեսին և հատկապես՝ օգոստոսին (Դվին, Դաշտադեմ, Արտանիշ, և այլն): Այս տարի 20-ից ավել արշավախմբեր են աշխատելու, որոնց զգալի մասը միջազգային է: Բոլոր հուշարձաններն էլ կարևոր են և կարող են անսպասելի արդյունք տալ:
-Որո՞նք եք համարում նախորդ տարվա ամենաարժեքավոր գտածոները: Ի՞նչ ճակատագրի են դրանք արժանացել:
- 21-րդ դարի հնագիտությունը կողմնորոշվում է ոչ թե գտածոներով, այլ պեղման պրոցեսով: Հետևապես, արժեքավոր են այն պեղումները, որոնք մեթոդապես ճիշտ են արվում: Կան պեղումներ, որոնցում աչքի ընկնող գտածոներ չկան, բայց այնքան մանրամասն և խնամքով են իրականացվում, որ կարելի է խիստ արդյունավետ համարել: Ինստիտուտի կողմից իրականացված բոլոր պեղումները բարձր եմ գնահատում, ուղղակի կան որոշները, որոնք սենսացիոն բնույթի են: Նախորդ տարի Շահումյան գյուղում պատահական բացված դամբարանն այդպիսին էր. վաղ բրոնզի դարի կուր-արաքսյան մշակույթին վերաբերող այս դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 2800-2600 թվականներով, իսկ մեծաքանակ նյութը՝ հարյուրավոր մետաղե առարկաներով և խեցանոթներով հանդերձ բացառիկ է իր նշանակությամբ ոչ միայն տարածաշրջանային համատեքստում:
-Պեղավայրերում հայտնաբերված գտածոներն արդյո՞ք պահպանման լիարժեք պայմաններ ունեն: Ի՞նչ խնդիրներ կան այս առումով:
- Մեր ինստիտուտը մեծ քանակությամբ պեղումներ է իրականացնում, բայց առկա տարածքը բավարար չէ այդ նյութերի մշակումն ու պահպանումն ապահովելու համար: Հիմա փորձում ենք հին պեղումների գտածոները հանձնել թանգարաններ, Ինստիտուտում տեղ ազատել, բայց մեկ է տարածքը չի բավարարում: Հնա...
Կարդալ ամբողջովին