Փարիզում ավարտվել է բարձր նորաձեւության շաբաթը: Ցուցադրություններից ակնհայտ է, որ ժամանակակից հոթ կուտյուրը դարձել է պահպանողական ու որոշ առումով՝ ռետրո: Սակայն որոշ դիզայներներ ամեն դեպքում փորձում են դրան նոր իմաստ տալ ու շունչ ներարկել: Անդրադառնանք ամենավառ հավաքածուներին ու հիշվող պահերին:Ամենավառը Balenciaga-ի ցուցադրությունն էր, որը սկսեց Je t'aime սիրային պոեմով: Այն բարձր հնչում էր լուռ սենյակում, որտեղ սկսեցին հայտնվել մոդելները: Սա Դեմնա Գվասալիայի 2-րդ կուտյուրային հավաքածուն էր, որի մասին մանրամասն արդեն խոսել ենք ու ժամանակն է անդրադառնալու մյուսներին:
Chanel-ի կովբոյական երկարաճիտ կոշիկները
Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Վիրժինի Վիարի խոսքով՝ իր համար ուղենիշ են եղել Կոկո Շանելի 1930-ական թվականների աշխատանքները: Հավաքածուի մեծ մասը կազմել են երկար կիսաշրջազգեստներով կոստյումներն ու ներկված ժանյակով երկարափեշ զգեստները, որոնք ընդգրկում են մարմինը, բայց եւ բավական լայն են ուսերի հատվածում:
Երկրաչափական ասեղնագործ հատվածերն էլ ոգեշնչված էին Կարլ Լագերֆելդի՝ 1970-ականների ոճից: Կերպարն ամբողջացնում էին կովբոյական երկարաճիտ կոշիկները, հարսանեկան քողի մինի տարբերակները, բանտերը, ինչպես նաեւ Շանելի՝ 1932 թվականի զարդերը: Այս տարի նորաձեւության տունը նշում է հենց Կոկո Շանելի ստեղծած առաջին հավաքածուի 90-ամյակը:
Dior՝ բանահյուսություն
Հոթ կոտյուրն առաջին հերթին ոչ միայն շքեղ զգեստներ են, այլ արվեստի գործ ու նաեւ վարպետություն: Այդ գաղափարը Մարիա Գրացիա Կյուրին արդեն մի քանի տարի է՝ զարգացնում է: Նոր հավաքածուի համար հատուկ բարդ ասեղնագործություններ են արվել ու դետալներ, որոնք երեւում են միայն շատ մոտիկից ու անգամ լուսանկարները կարող են դրանք չփոխանցել:
«Այն, ինչ չի երեւում, ավելի շատ ջանքեր է պահանջում», -այդպես է դիզայները մեկնաբանել աշխատանքները:
Բանահյուսության թեմայով ասեղնագործությունն արել են Ֆրանսիայի, Իտալիայի ու Հնդկաստանի տարբեր արհեստանոցներում: Ցուցադրությունն անցել է ուկրաինացի նկարիչ Օլեսիա Տրոֆիմենկոյի նկարների ֆոնին:
Maison Margiela. ներկայացում՝ ցուցադրության փոխարեն
Վերջին տարիներին սովորական ցուցադրությունների փոխարեն Ջոն Գալիանոն նկարահանում էր ֆանտաստիկ ֆիլմեր: Հիմա էլ նա թատերական շոու է անցկացնում պոդիումի վրա: Այս անգամ այն կրում էր «Cinema Inferno» անվանումը, գործողությունները տեղի էին ունենում միֆական Արեւմուտքում եւ հերոսները հայտնվել էին անապատում:
Ներկայացված էին նուրբ զգեստներ՝ պատված աստղազարդ շղարշով, համադրություններ հայելու կտորներով, կովբոյական վերարկուներ ու երկարաճիտ կոշիկներ բյուրեղներով: Գալիանոն այդ կերպ մեզ հիշեցրել է, որ կյանքում ու բեմի վրա մենք ինքներս մեզ ստեղծում ենք հենց հագուստների շնորհիվ:
Shiaparelli-ի ցորենի արտերը
2013 թվականին Քրիստիան Լակրուան ստեղծել է Shiaparelli-ի փոքրիկ հավաքածուն, որն իր մեջ ներառում էր 15 կերպար, հենց դրան է դիզայներ Դենիել Ռոուզբերին հղում արել նոր հավաքածուն ստեղծելիս:
Փարիզում նա ցույց տվեց թավշյա զգեստներ՝ պատված սեւ ուլունքներով, ծավալուն կիսաշրջազգեստներ: Գլխարկներն ու պայուսակները ցորենի արտերի էին նման. իրականում դրանք այրված փետուրներ էին: Զարդերն էլ բավական սյուրռեալիստական տեսք ունեին:
Viktor & Rolf-ի ճախրող օձիքները
Իզուր չէ, որ Վիկտոր Հորսթինգն ու Ռոլֆ Սներենն իրենց սիրում են անվանել ֆեշն նկարիչներ, ոչ թե դիզայներներ: Նրանց հավաքածուն ավելի շատ արվեստի գործի էր նման, քան նորաձեւության շոուի: Կոստյումները, սմոքինգները, վերարկուները, վերնաշապիկները՝ բոլորն ամրացված էին մետաղական կոնստրուկցիայի, որպեսզի տպավորությո...
Կարդալ ամբողջովին
