Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք: Արդեն սկսում էինք անհանգստանալ, որ անթերի ընտրություններ կազմակերպելու իշխանությունների ծրագիրը, առնվազն քարոզչության փուլում, կարող է իրականություն դառնալ, երբ իրավիճակը շտկեցին Երանոսյան եղբայրները:
Ջրառատ գյուղում նորմալ հայկական նախընտրական պատկեր ապահովվեց. կրակեցին Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի կողմնակիցներից մեկի վրա, մյուսին դանակահարեցին, դպրոցահասակ երեխայի ձեռքի ոսկորները խողովակով փշրեցին:
Նախընտրական մթնոլորտը, սակայն ամբողջական չէր լինի, եթե ինչ-որ կանայք չհարձակվեին Նիկոլ Փաշինյանի վրա: Դա էլ տեղի ունեցավ այսօր «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի հայտնի միջադեպի ժամանակ, երբ կենտրոնի հավաքարարուհին բռնեց Փաշինյանի կոկորդից, հավանաբար խեղդելու նպատակով:
Տհաճ միջադեպը իհարկե որեւէ կերպ չի անդրադառնա «Ելք»-ի քարոզարշավի կամ քվեների վրա: Նույնը չի կարելի ասել Օհանյանենց դաշինքի մասին. եւս մի քանի կրակոց այս ուժի ուղղությամբ եւ այն կհաղթահարի 7 տոկոսի շեմը:
Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է:
Փորձագետների գնահատմամբ ընտրություններին մասնակցող որեւէ ուժ մեծամասնություն կազմելու եւ միայնակ կառավարություն ձեւավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի: Ամենահավանականը համարվում է ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ կոալիցիան:
Երկու օր առաջ, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանատու հայտարարություն արեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան դաշինքը» գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»: Նույն օրը Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանը ելույթում հայտարարեց. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»:
Սա սենսացիոն հայտարարություն է: Վերադարձից հետո Ծառուկյանը ոչ միայն իշխանությունների հասցեին որեւէ ռադիկալ խոսք չի ասում, այլեւ մինչեւ վերջերս ուրիշներին թույլ չէր տալիս իր ներկայությամբ դա անել: Եւ տարօրինակ է, որ Զոհրաբյանի ու նրա խոսքերը համընկան. առաջինն ասում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցի չեն կազմի, երկրորդն ասում է`ՀՀԿ-ն պետք է հեռանա:
Դրանից ընդամենը երեք օր առաջ Տավուշում Նաիրա Զոհրաբյանը ապրիլի 2-ը իշխանափոխության օր էր հռչակել: «Ես հասկանում եմ՝ դժվար է, բայց մի անգամ մենք ազգովին պիտի մեր մեջ գտնենք էդ վճռականությունը՝ ապրիլի 2-ին մեծ վերջակետ դնելու էս իշխանության վրա»,-ասել էր նա: Հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն իր ելույթով ուղղել էր Զոհրաբյանին, ասելով, թե իշխանափոխության մասին պետք չէ մտածել:
Ի՞նչ փոխվեց, ուրեմն, մեկ շաբաթվա ընթացքում, որ Ծառուկյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Արդեն գրել ենք, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները, որնցում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, մեծ ռիսկ են պարունակում, քան...
Կարդալ ամբողջովին