Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։
Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար:
Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյո՞ք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղել է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։
Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։
Հայտարարության մեջ խոսք է...