Բոլորն էլ ձգտում են երևալ ոճային, խնամված, ցանկալի, սակայն շատ հաճախ էլ չգիտակցելով, թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք աններելի են նորաձևության մեջ: Աղջիկները հաճախ են բողոքում, որ ոչինչ չունեն հագնելու: Մեծ հաշվով, դա լինում է ոչ թե հագուստի բացակայության, այլ բավարար իմացություն չունենալու պատճառով, թե օրինակ ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան:
Ոճաբան Արմեն Գալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է ոճի և հագնվելու իր տարբերակը. «Ազատ լինելով և սեփական ցանկությունները ռեալիզացնելով՝ մի կողմից մենք ստեղծում ենք մեր սեփական ոճը, իսկ մյուս կողմից թույլ ենք տալիս, որպեսզի նորաձևությունը առաջ շարժվի»:
-Ո՞րն է 2021 թվականի գունապնակը և ի՞նչ գունային համադրություններն են այս տարի համարվում նորաձև:
-Խոսենք աշուն-ձմեռ հավաքածուների մասին. գլխավոր գույնը, որը երկար ժամանակ չի եղել ու հիմա ամենակտիվն է, շագանակագույնն է: Ընդ որում, այն շատ պրոբլեմատիկ գույն է և տարիք է հաղորդում կրողին, բայց հիմա այն ունի ժամանակակից տեսք: Պետք է նշեմ, որ չեմ հիշում վերջին անգամ այս գույնը այսքան նորաձև երբ է եղել: Բացի դրանից, ակտուալ է բեժ գամման: Այս տարի շատ ակտիվ է նարնջագույնը՝ որպես վառ գույն, ակտուալ է մնում կանաչը՝ որպես աշնանային սեզոնի գույն, պարզապես մի փոքր ավելի մուգ երանգը: Իրականում սխալ է մոխրագույնը որևէ սեզոնի համար նշել, բայց մոխրագույնը այս պահին շատ ակտիվ է: Մոխրագույնը միշտ ակտուալ է, բայց հիմա մոխրագույնի բոլոր երանգները իրար հետ են համադրում, և դա ոճային է:
-Ինչո՞վ առաջնորդվել, որպեսզի լինել և՛ ոճային, և՛ զգալ հարմարավետ:
-Իրականում ասեմ, որ այժմյան նորաձևությունը այնքան հարմարավետ է, ինչքան երբևէ չի եղել: Դրան նպաստել է նաև պանդեմիան. մարդիկ փակվեցին տանը և սկսեցին հագնել սպորտային հագուստ: Այժմ, չհրաժարվելով հարմարավետությունից, այդ նույն հագուստով դուրս եկան: Չեմ կարող ասել, որ սա ինձ շատ է դուր գալիս: Սա հաստատ այն թրենդներից է, որ տարիներ հետո, երբ հետ նայենք, թվալու է տարօրինակ, բայց այսօրվա նորաձևությունը իսկապես շատ հարմարավետ է, և դա մարդկանց համար գլխավոր պայմաններից է հագուստ գնելիս: Այսինքն՝ մարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում հենց հարմարավետությանը:
Այսօրվա նորաձևությունը թույլ է տալիս, որպեսզի ցանկացած իրավիճակում դու հագնվես հարմարավետ: Հարմարավետությունը դարձել է գլխավոր գործոնը: Այն իրավիճակներում, երբ սպորտային հագուստը կամ սպորտային տարր ունեցող հագուստը համարվում էր անթույլատրելի և անընդունելի, այժմ հակառակն է: Այնպես որ, ժամանակը թելադրում է հարմարավետություն: Ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու այս ամենից դուրս գալ, այսինքն՝ մի քանի տարի անց, երբ այս միտումը կանցնի, շատ ավելի դժվար կլինի կրել ոչ այնքան հարմարավետ հագուստ:
-Կնշե՞ք առաջնային կանոնը, որով պետք է առաջնորդվել հագուստ ընտրելիս:
-Կասեմ, որ եթե մարդը նույնիսկ գիտակցում է, որ հագուստը իրեն չի սազում, բայց նա դա ուզում է կրել, ուրեմն թող կրի: Ես կարծում եմ, որ նորաձևությունը հիմա շատ ազատ է, և ամեն մարդ անում է այն ամենը ինչ իրեն դուր է գալիս: Բայց որպես խորհուրդ ասեմ, որ պետք է ուշադրություն դարձնել, իհարկե, կազմվածքին, քո ցանկություններին ու հասկանալ քեզ ինչի՞ մեջ ես լավ զգում, ի՞նչն է քեզ հաճույք պատճառում, երբ դու կրում ես այդ հագուստը:
-Որպես մասնագետ խնդրում եմ նշել, թե՞ որոնք են մեր հասարակությունում տարածված սխալները հագուստի ընտրության կամ համադրության հարցում:
-Ես իրականում գտնում եմ, որ չկա ճիշտ ու սխալ, ում ինչպես դուր է գալիս պետք է հագնվի այդպես, որովհետև դրա մեջ կա ցանկացած մարդու Ես-ը: Նորաձությունը հենց դա է: Մենք պետք է լինենք այնքան բաց ու ազատ, որպեսզի չկենտրոնանանք ու չքննադատենք ոչ մեկի հագածը: Եվ ավելացնեմ այն տեսակետը, որ նորաձևությունը առաջ է շարժվում նրան...
Կարդալ ամբողջովին