Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին:
Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը, որը տարածել է կառավարության լրատվական ծառայությունը, ներկայացնում ենք ստորև.
«Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»:
«Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ադրբեջանի հետ հրադադարը «մեծ աղմուկով» դոփում է տեղում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիպերբոլ է օգտագործում, բայց անմիջապես անցնում է իր ասելիքին: Նախկինում լրագրող և խարիզմատիկ ընդդիմադիր գործիչը վարչապետ է ընտրվել երկու տարի առաջ՝ փողոցները ողողած բողոքի ցույցերից հետո:
Փաշինյանը նոր է վերադարձել ռազմաճակատից, որտեղ այցելել է զինվորներին: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերը չեն դադարել և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում շարունակ հնչում են հակաօդային ազդանշաններ: Մեկ շաբաթ առաջ շատ փխրուն հրադադար կնքվեց, որը սակայն չկանգնեցրեց ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը և չլռեցրեց պատերազմի հռետորաբանությունը:
Հայկական կողմից զինվորականների և քաղաքացիականների շարքում կան 660-ից ավելի զոհեր:
Կորիերե դելլա Սերա - Բաքուն ձեզ մեղադրում է Գյանջային նորից հարված հասցնելու մեջ, դուք մեղադրում եք ադրբեջանցիներին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը ռմբակոծելու մեջ: Երկու կողմերն էլ խոսում են մարդկության դեմ հանցագործությունների մասին: Որտե՞ղ է ճշմարտությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են:
Կորիերե դելլա Սերա - Դուք ունե՞ք այդ զինյալների օգտագործման մասին ապացույցներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումնե...
Կարդալ ամբողջովին