Հայաստանի օրենսդրությամբ ապօրինի հարստացման հանցակազմ նախատեսված չէ, այլ կերպ ասած՝ ապօրինի եղանակով հարստացածները չեն պատժվում, քանի որ կարգավորումը բացակայում է: Կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացածներին:
ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է հետևյալ ձևակերպումը. «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը (5 միլիոն) գերազանցող գումարը (արժեքը):
Ինչպես նշվեց, ապօրինի հարստանալու հանցակազմի գործողությունը տարածվում է գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար և նրա հետ փոխկապակցված անձինք, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյայի ամուսինը, համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:
Ըստ կառավարության՝ նախագծով առաջարկվող ապօրինի հարստացման քրեականացման շեմի, այն է` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), նախատեսումը պայմանավորված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միջինացված տարբերակի ընտրությամբ: Հաշվարկի հիմքում դրվել են ՀՀ նախագահի և նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակի բաժնի պետի գործակիցները, հաշվարկվել է նշյալ պաշտոնների համար տրվող աշխատավարձերի միջին թվաբանականը` նախատեսելով դա 6 ամսվա համար:
Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան։ Հայաստանը ստորագրել է Կոնվենցիան դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։
Ապօրինի հարստացման քրեականացումը լայն տարածում է գտել նաև շատ երկրներում: Մասնավորապես՝ Պերուի քրեական օրենսգրքի համաձայն` յուրաքանչյուր պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ով իր գործառույթների իրականացման ընթացքում ապօրինի ավելացնում է իր ակտիվները օրինական վաստակից ավելի և չի կարողանում ողջամտորեն հիմնավորել վերոնշյալ ավելացումը, պետք է պատժվի ոչ պակաս, քան 5, ոչ ավել, քան 10 տարի ժամկետով ազատազրկմամբ և պաշտոն զբաղեցնելու մշտական արգելքով:
Իսկ Արգենտինայում ապօրինի հարստացումը որպես հանցակազմ քրեական օրենսգրքում նախատեսվել է դեռևւս 1964թ: Այստեղ հանցակազմի հատկանիշների բացակայության ապացուցման բեռը կրում է այդ հոդվածի հասցեատերը։ ...
Կարդալ ամբողջովին