ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել Սարգսյան-Ալիև հանդիպման առաջարկով, որը կայանալու է մայիսի 16-ին Վիեննայում: Այդ փաստը հաստատել է նաև ՌԴ ԱԳՆ փոխնախարար Կարասինը: Ավելին, ռուսական աղբյուրները նշել են նաև, որ այդ հանդիպմանը կարող են ներկա լինել նաև Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները: Սա, իհարկե, խոստանում է հանդիպման բավականին ներկայացուցչականություն, որն անկասկած չի կարող պատահական լինել և որի պարագայում չի կարող լինել հերթապահ հանդիպում: Այլ հարց է, թե այն տեսանելի և հանրայնորեն շոշափելի և զգալի ինչ արդյունքներ կունենա, և ինչպիսին կլինեն արդյունքների այսպես ասած՝ այսբերգի անտեսանելի մասերը: Հատկանշական է սակայն այն նպատակը, որ հանդիպման մասով ձևակերպել են համանախագահները իրենց հայտարարության մեջ՝ կրակի դադարեցման ամրապնդում և վստահության մեխանիզմների ձևավորում, բանակցային հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքի շարունակության համար: Կարելի է ենթադրել, որ հանդիպման առարկան լինելու է շփման գծում հրադադարի հաստատումն ու լարվածության նվազեցումը: Մինչ այդ, ինչպես հայտնի է, հայկական կողմը առաջ էր քաշել բանակցային սեղան վերադառնալու երեք պայման՝ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրում, հրադադարի խախտման վերաբերյալ հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի: Այսպիսով, այս պայմանները բավարարվա՞ծ են, որ Սերժ Սարգսյանը գնալու է հանդիպման Ալիևի հետ, թե՞ գնալու է հենց այս պայմանների բավարարման հարցերը քննարկելու և համանախագահները հենց այդ հարցերն են դնելու սեղանին: Դատելով նրանց հայտարարությունից, գործ ունենք վերջին իրավիճակի հետ, այսինքն սեղանին լինելու են այդ հարցերը: Այստեղ առաջ է գալիս մեկ այլ հարց՝ իսկ համանախագահները դրանց վերաբերյալ ունե՞ն ընդհանուր հայտարար, ունե՞ն կոնսենսուս, գոնե տակտիկական առումով: Հատկանշական է, որ այդ հանդիպումից առաջ տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ արտգործնախարարի միջև մի շարք հեռախոսազրույցներ, որոնցում քննարկվել է ղարաբաղյան թեման: Այստեղ առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ եթե կազմակերպվում է հանդիպում՝ ըստ էության հայկական երեք կետերի օրակարգով, արդյո՞ք Հայաստանը դրա դիմաց ստանձնել է որոշակի պարտավորություններ: Թե՞ Ադրբեջանը ստիպված է համաձայնել հանդարտվելու հարցը քննարկելուն, հայկական հուժկու պատասխանից խուսափելու համար: Այս հարցերն իհարկե էական են, քանի որ ի վերջո այդ ամենը հանգում է նրան, թե հանրագումարում ինչ է լինելու բանակցային օրակարգը: Իհարկե, դեռևս շատ վաղ է խոսել դրան վերադառնալու մասին, սակայն բանն էլ հենց այն է, որ արդեն այսօր պետք է մտածել ապագայում կրկին փակուղում չհայտնվելու մասին: Եվ այդ տեսանկյունից պետք է արձանագրել, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմով հայկական կողմին տվել է այդ հարցում բովանդակային բեկման հասնելու հնարավորություն, և հայկական կողմը բանակցային բովանդակության մասով պետք է օգտագործի փոփոխություններ կատարելու կարևոր պահը, այդպիսով՝ կանխարգելելով երրորդ պատերազմի վերսկսումը: Կասկածից վեր է, որ Բաքուն ներկայումս փորձելու է ժամանակ խլել, հետևաբար խաղաղությունը կլինի ընդամենը ժամանակավոր, եթե Հայաստանը բաց թողնի պահն ու կուլ տա ժամանակի վրա խաղալու խայծը: Հետևաբար, Ադրբեջանին կամ պետք է դնել ռազմական, կամ քաղաքական նոր իրավիճակի առաջ: Ընդ որում՝ ակնհայտ է, որ առավել նպատակահարմար է դնել քաղաքական նոր իրավիճակի ...
Կարդալ ամբողջովին