«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն է։
–Տիկին Հակոբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքին հայտարարեց անցումային արդարադատության ներդրման հնարավորության մասին։ Որպես փաստաբան կցանկանայի մանրամասնեք այդ անցումային արդարադատության բնույթը։
-Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե անցումային արդարադատության ինչ ձևաչափ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն կփորձեմ հակիրճ խոսել դրա` միջազգային իրավունքում հայտնի մի ձևաչափի մասին: Համաշխարհային պատմությանը հայտնի են պետություններ, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ և համակարգային խախտումներ: Ինչ-որ փուլում արդեն տարբեր գործոններ, ինչպիսիք են, օրինակ, ներքին ընդդիմության հզորացումը, միջազգային ճնշումները, տնտեսական վիճակի վատթարացումը, պատերազմը և այլն հանգեցնում են ավտորիտար ռեժիմների տապալման ժողովրդական աջակցություն վայելող ուժերի կողմից, որոնք պարտավորվում են պաշտպանել մարդու իրավունքները և ժողովրդավարական այլ արժեքներ: Եվ առաջին հարցը, որ նման պարագաներում բարձրանում է, այն է, թե ինչպես վարվել նախկին ռեժիմի այն ներկայացուցիչների հետ, որոնք կասկածվում են մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեջ:
Արդյոք պետք է նրանց նկատմամբ իրականացնել դատաքննություններ դասական իմաստով, թե այլ ուղիներ պետք է փնտրել: Նման այլընտրանքային կամ լրացուցիչ ձևաչափերից մեկը, այսպես կոչված, ճշմարտության հանձնաժողովներն են: Եզրույթը պայմանական է, քանի որ տարբեր պետություններում այդ հանձնաժողովները տարբեր անվանումներ են ունեցել, սակայն նրանց բոլորի առաջնային նպատակը տվյալ պետությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ճշմարիտ պատկերի վերականգնումն է եղել: Դրանք կարող են լրացնել կամ այլընտրանք հանդիսանալ այնպիսի ներպետական միջոցներին, ինչպիսիք են համաներումը կամ քրեական հետապնդումը: Այդպիսի հանձնաժողովները պաշտոնական մարմիններ են, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով մարդու իրավունքների կոպիտ խախտումները քննելու նպատակով: Բացի ճշմարտության բացահայտումից, այդ հանձնաժողովները կարող են հասնել նաև հաշտեցման կամ քննարկել ֆինանսական փոխհատուցման հարցեր: Ինչպես տեսնում եք, դրանք շատ ավելի ճկուն կարող են լինել և որն ավելի կարևոր է, ավելի արագ կամ արդյունավետ գործել, քան պետության իրավապահ կամ արդարադատության համակարգերը: Կա ևս մի հանգամանք, որը խոսում է հօգուտ այդ հանձնաժողովների: Դա նախորդ ռեժիմներից ժառանգություն ստացած պաշտոնյաներն են:
Պատմությունը ցույց է տալիս, որ կառավարությունները ստեղծել են ճշմարտության հանձնաժողովներ, երբ նպատակ են հետապնդել անցում կատարել ավելի մասնակցային կառավարման` դավանելով ժողովրդավարացման, իրավական պետության, օրենքի առջև բոլորի հավասարության և սոցիալական արդարության գաղափարներին: Ճշմարտության բացահայտման նպատակը հատուկ է ժողովրդավարության ձգտող իշխանությանը: Եվ հակառակը, ռեպրեսիվ իշխանությանը փոխարինելու եկած նույնչափ ռեպրեսիվ իշխանությունը դժվար թե նպատակ դնի քննելու նախկին խախտումները, քանի որ հաճախ դրանք չքննելն էլ հենց նախորդ ռեժիմի ինքնակամ հեռանալու գինն է հանդիսանում:
Ենթադրում եմ, որ վարչապետի թիմում նման ձևաչափի մասին քննարկումներ են գնում Մարտի 1-ի գործի հանգուցալուծման նկատառումներից ելնելով: Մարտի 1-ը մեր պետության մեծագույն ողբերգություններից մեկն է: Իռլանդական հարցի մասին քննարկումներում մի հետաքրքիր խոսք կա. ասում են՝ իռլանդական հարցի բարդությունն այն է, որ իռլանդացիները մոռանալ չգիտեն, իսկ անգլիացիները` հիշել: Հայերն էլ իռլանդացիների նման մոռանալ չգիտեն: Մենք չենք մոռանում 1915թ. Ցեղասպանությունը: Սակայն եթե Ցեղասպանության հարցում բացահայտումը, հաշտեցումը, մոռացումը պրոբլեմատիկ է Թուրքիայի գործոնով պայմանավորված, ապա մեր պետության ներսում տեղի ունեցած ոճրագործությունների բացահայտումը, դրանց հաղթահարման նպատակով ներազգային համերաշխության կայացումը միմիայն մեզնից է կախված: Եվ մենք կարող ենք միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և դրա կոնտեքստին համապատասխան տեղայնացման միջոցով մեծ արդյունքների հասնել:
Դիտարկելով այն շփոթը կամ ավելի ճիշտ իրարանցումը, որն առաջացել է վարչապետի հայտարարությունից հետո, նախ և առաջ անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ է առհասարակ անցումային արդարադատությունը: Ամենայն հավանականությամբ, հիմնական շփոթն առաջանում է հենց «անցումային արդարադատություն» եզրից, որը բնավ պետք չէ շփոթել այնպիսի երևույթի հետ, որը ենթադրում է հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում կամ անձանց որոշակի խմբի կամ խմբերի նկատմամբ այնպիսի միջոցների կիրառում, որոնք կլինեն Սահմանադրության կամ կոնվենցիայի խախտում: Այն գործիքներն ու մեխանիզմները, որոնց բուն քննարկումը դեռ չի սկսվել հիմնականում և առավելապես կիրառման անհրաժեշտություն են ստացել, երբ այս կամ այն պետությունը թևակոխել է ոչ ժողովրդավարական, ոչ իրավական համակարգից ժողովրդավարական, իրավական համակարգի անցումային փուլ: Հենց այդ պատճառով էլ այդ միջոցներն ու մեխանիզմները ստացել են «անցումային արդարադատություն» անվանումը: Իհարկե, կան նաև այլ իրադարձություններ և հանգամանքներ, որոնք տարբեր երկրներում առաջ են բերել անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն, սակայն հայաստանյան պարագաներն այլ են:
–Ի՞նչ գործիքներ են ներդրվելու անցումային արդարադատության դեպքում։
-Այս առումով ամենաէականն այն է, որ դեռ պետք է մի ամբողջ գործընթաց իրականացվի՝ որոշելու համար այն հարցերի և խնդիրների շրջանակը, որոնց լուծումը պետությունը՝ ի դեմս ժողովրդավարական իշխանության, համարում է լուծման ենթակա, որից հետո պետք է առանձին վերցրած հարցերի կապակցությամբ քննարկվի, թե ինչ գործիքներ են անհրաժեշտ դրանց լուծման համար, և այդ հարցին ճշգրիտ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այն պատճառները և խնդիրները առկա արդարադատության համակարգում, որոնք խոչընդոտում և անհաղթահարելի են դարձնում արդարադատության լայն իմաստով իրականացումը: Հարկ է նկատել, որ ինքնին այդպիսի փաստագրումն արդեն շատ էական և կարևոր քայլ է ժողովրդավարական իշխանության ամրապնդման տեսանկյունից: Այսինքն՝ ժողովրդավարական իշխանությունը պետք է գնահատական տա նախկին իշխանության կողմից ստեղծված խնդիրներին՝ դրանով երաշխավորելով, որ ինքը չի կրկնելու նախորդների սխալները: Դրա (ճանաչման փաստի) արդյունքում տեղի է ունենում հասարակական առողջացում, հաստատվում է համերաշխություն, վերականգնվում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ:
Անցումային արդարադատության գործիքները բազմազան են:
–Անցումային արդարադատությունն ի՞նչ ռիսկեր է պարունակում իրավական և քաղաքական իմաստով, արդյո՞ք այն կարող է վտանգել արդարադատության համակարգի գործունեությունը։...
Կարդալ ամբողջովին
