Արցախում զոհված զինծառայող Մերուժան Ստեփանյանը (ծնվել է 1993թ.) ծառայել է Թալիշում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Մերուժանը ծառայության էր անցել Արցախում: Ապրիլի 2-ին Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն, ժամը 5-ի սահմաններում, զանգել է որդուն: Նա մորը հորդորել է իրեն լավ նայել՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որ էլ չզանգի: Հետո մայրը որդուն հաղորդագրություններ է գրել, բայց բոլորն անպատասխան են մնացել: Մերուժանը ծնվել է, մեծացել Գյումրիում: Հայրը ևս զինվորական է, իսկ մայրը երկար տարիներ աշխատել է դպրոցում: «Չգիտեի, որ այդ պահին արդեն իմ տղան ընկել էր հերոսի մահով» Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը, ասում է՝ դեռ մանուկ հասակից որդուն հարմար առիթների դեպքում տարել է զորամաս, որդին շփվել է զինվորականների հետ, որոնցից շատերի հետ մտերմացել է, սիրել զինվորական գործը, որոշել զինվորական դառնալ. «Ընթացքում. որպես ծնող՝ բազմաթիվ անգամներ զրուցելով նրա հետ. հարցնում էի՝ արդյոք ճի՞շտ ընտրություն է կատարում, արդյոք պատրա՞ստ է ամեն ինչի՝ տեսնելով իմ ծառայությունը, իմ աշխատանքի բնույթը: Հարցնում էի՝ արդյոք պատրա՞ստ է մինչև վերջ ծառայել: Վստահորեն պատասխանում էր, որ համոզված է: Այդպես որոշեց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ»: Հոր խոսքով՝ Մերուժանը հաջողությամբ ընդունվել է ինստիտուտ, սովորել՝ այդ տարիների ընթացքում ձեռք բերելով ոչ միայն՝ համակուրսեցիների, այլև՝ պրոֆեսորադասախոսական կազմի սերն ու հարգանքը. «Մինչև այժմ նրանք Մերուժանին հիշում են ամենալավ խոսքերով, դրվատանքներով: Հիշում ու ափսոսում են, որ այդպիսի հրաշք երիտասարդն այժմ մեր կողքին չէ, բայց միաժամանակ հպարտանում են, որ նա նույնիսկ մարտի դաշտում իրեն դրսևորել է լավագույն ձևով, ինչպես ծառայության ընթացքում, ուսման տարիներին»: Մերուժանի հոր խոսքով՝ վերջերս ռազմական ինստիտուտ է այցելել հրամանատարական սպաներից մեկը և իր բացակայության ժամանակ կոլեգաներին պատմել տղայի քաջագործությունների մասին՝ «առավել թարմացնելով և խորացնելով մեր վիշտը՝ չնայած ինչ-որ տեղ հպարտության զգացում կա, որ իրեն դրսևորել է՝ որպես իսկական տղամարդ, հայրենիքի, ծնողների, իր հարազատների պաշտպան». «Դրսևորել է՝ որպես իրական զինվորական, սակայն մեծ ցավ եմ ապրում նրա ֆիզիկական բացակայության համար»: Խոսելով որդու քաջագործությունների մասին՝ հայրն ասում է. «Իր զինվորներից մեկի պատմելով՝ նա ինքնաձիգից դիպուկ կրակոցներով վերացրել է մինչև 25 ազերի զավթիչների, սակայն, ցավոք, վերջում, ինքն է զոհ դարձել, բայց չգիտեմ՝ ինչ հանգամանքներում, չեմ էլ ուզում իմանալ»: Արթուր Ստեփանյանի խոսքով՝ ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո որդին՝ Մերուժանը, ծառայության է անցել Թալիշում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար: Երկու տարի ծառայելուց հետո փոխել է ծառայության բնույթն ու դարձել հետախուզական դասակի հրամանատար, ինչից հետո միայն իր ծառայության բնույթի փոփոխման մասին տեղեկացրել է ընտանիքին: «Ճիշտ է՝ մի փոքր նեղվեցի, որպես ծնող՝ մի փոքր բարկացա, բայց մտածեցի՝ միգուցե իր որոշումն է ամենաճիշտը: Չցանկացա ինչ-որ ձևով խոչընդոտել կամ հուսահատեցնել իրեն: Համենայն դեպս, նա ինքն էր ընտրել իր ծառայության ոլորտը: Շարունակելով ծառայությունը՝ որպես հետախուզական դասակի հրամանատար, բազմաթիվ բարդությունների, դժվարությունների առջև կանգնեց: Առհասարակ ոչ մի տեղեկատվություն չէր տալիս, ծառայության հետ կապված չէր խոսում: Պարզապես մենք էինք զգում, որ մի փոքր ծանր է: Անընդհատ լարված վիճակ էր: Հասկանում ենք, որ առաջնային գծի ծառայությունը, բնական է, պետք է դժվար, ծանր լինի: Բայց որպես ծնող՝ տրտնջում էինք մեր տղայի ծառայության դժվարության համար, իսկ ինքը երբևէ չտրտնջաց, երբևէ չբողոքեց, իրեն պահեց՝ որպես իրական տղամարդ, այնպիսին, ինչպիսին միշտ եղել էր»: Մերուժանի հայրը հիշում է՝ վերջին անգամ որդու հետ խոսել է ապրիլի 2-ին՝առավոտյան 9:30-ին. տրամադրությունը սովորական էր, խուճապի զգացում չի նկատել. «Ուրախ էր՝ ինչպես միշտ՝ ժպտալով, ծիծաղելով: Ոչինչ կասկածի տեղիք չտվեց: Հետո տեղեկացա, որ ժամը 5-ի սահմաններում խոսել է մոր հետ, մեր հարսի հետ: Ինչ-որ տեղ սիրտս հանգիստ էր: Սակայն այդ երեկո արդեն ինչ-որ զգացում կար, խուճապի զգացում կար ինձ մոտ, տագնապ կար: Անհանգիստ էինք: Չգիտեմ՝ ինչն էր անհանգստության պատճառը: Ապրիլի 2-ը շաբաթ էր, 3-ը՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օր: Սակայն ես անհամբերությամբ գնացի ռազմական ինստիտուտ: Մեր ծառայակիցներից շատերն այնտեղ էին: Շփվեցինք, զրուցեցինք, բոլորի մոտ անհանգստության զգացումը կար, քանի որ սահմանին հանգիստ չէր, լարվածություն կար: Շատ ծանոթներ, մտերիմներ, կային, որոնք ծառայում էին մարտական գործողությունների շրջաններում: Փորձում էինք տեղեկություններ իմանալ: Եթե հիշում եք, մոտավորապես 3:00-3:30-ի սահմաններում իմացանք, որ ադրբեջանցիները կրակի դադարեցման հրաման են տվել իրենց կողմից, բայց հետո պարզվեց, որ դա կեղծիք էր, չէր համապատասխանում իրականությանը: Ինչ-որ պահ ուրախության զգացում եղավ ոչ միայն՝ իմ տղայի, այլև՝ բոլորի համար, որ վերջապես դադարեց, ոչ ոք չի տուժի: Չգիտեի, որ այդ պահին արդեն իմ տղան ընկել էր հերոսի մահով: Այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչ ճակատագիր էր ինձ սպասվում դրանից հետո: Այդ բոթը ես իմացա երեկոյան շատ ավելի ուշ՝ նրա աներոջից, սակայն մորը ցույց չէի տալիս, զգացնել չէի տալիս, չէի ասում, որ մեր տղան այլևս կենդանի չէ: Մի կերպ ձգեցի մինչև հաջորդ օրը: Մի կերպ, մի կերպ դիմացա… Չգիտեմ՝ ինչ քար սիրտ էր, որ դիմացա, միչև հաջորդ օրը մեր շատ հարազատներ լրատվական միջոցներից տեղեկացան, որ Մերուժան Ստեփանյանը չկա»: Մերուժանը շատ էր սիրում Թալիշը: «Երբ գալիս էր արձակուրդ՝ հանգստանալու, մի քանի օրից ասում էր՝ ե՞րբ եմ գնալու Թալիշս: Վերջում չէր մոռանում «ս» տառն ավելացնել: Թալիշն իր հարազատ օջախն էր դարձել: Շատ էր սիրում Թալիշը: Նա ինչ-որ տեղ զգացնել էր տվել, որ տեղյակ է՝ ինչ է կատարվելու իր հետ: Բայց մենք լուրջ չէինք ընդունել: Այդ մասին նա մեր հարսին էր ասել: Ասել էր՝ ուզում եմ, որ դու հորս ու մորս հետ ապրես մի անվտանգ տեղ, որովհետև ես գիտեմ, որ Թալիշի վրա ռումբ է ընկնելու, ես մնալու եմ այնտեղ: Նա կանխազգացել էր ինչ-որ տեղ, բայց մենք լուրջ չէինք ընդունել»,- ասում է Մերուժանի հայրը: «Մա՛մ, ասա՛, թող ինձ զինվորականի դեր տան» Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն, պատմելով որդու մասին, ասում է՝ դեռ մանուկ հասակից աշխույժ, ժպտերես, կատակասեր տղա էր: 6 տարեկանից գնացել է դպրոց. փոքրամարմին է եղել: Տիկին Նունեն նույն դպրոցում դասավանդել է երկար տարիներ: «Բոլոր միջոցառումների ժամանակ ասում էր՝ մա՛մ, ասա, թող ինձ զինվորականի դեր տան: Նույնիսկ այբբենարանի հանդեսի ժամանակ ինքը զինվորականի դեր կատարեց՝ փոքր համազգեստով: Բոլորը ծիծաղում էին, բայց ինքը շատ ուրախ էր: Դասարանում էլ բոլորը սիրում էին նրան: Ճիշտ է՝ մեծամասամբ աղջիկներ էին, ընդամենը 5 տղա էր դասարանում: Աղջիկները տեղ էին տալիս նրան, ու ասում էին՝ ընկե՛ր Թադևոսյան, ինքը մեր ընկերն է, մեր եղբայրը, կարող ենք ամեն հարցով դիմել իրեն: Ուսուցիչներն էլ շատ էին սիրում: Շատ համեստ էր: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Բոլորի կողմից հարգանք էր վայելում: Ուսուցիչների հետ կատակներ էր անում: Պատմության ուսուցիչը միշտ բողոքում էր, թե Մերուժանը աղջիկների հետ զրուցում է, դասը խանգարում: Մի օր էլ եկա, զայրացած պատմեցի, հայրը խփեց: Ասացի՝ մի՛ խփիր: Մյուս օրը գնաց դպրոց, ուսուցիչը նորից եկավ, ասաց՝ ընկե՛ր Թադևոյան, Մերուժանը… Հումորի զգացումն ինձ մոտ էլ կար: Ասացի՝ ընկե՛ր Ասատրյան, ես Մերուժանի պապայից բաժանվել եմ, եթե բողոքներ ունեք, զանգե՛ք, իր պապային ասե՛ք, երեխաները մնացել են նրա հետ: Ինքն էլ ոչինչ չասաց: Ներողություն խնդրեց ու դուրս եկավ: Աղջիկները ծիծաղեցին, թե այդ բանը միայն իմ մտքով կարող էր անցնել: Երբ դասամիջոցներին ինձ տեսնում էր, ասում էր՝ մա՛մ, հիմա մե՞զ հետ պիտի ապրես, թե՞ մենք պապայի հետ պիտի ապրենք: Ասում էի՝ գի՛ժ, հեռո՛ւ մնա, խելո՛ք մնա: Դպրոցն ավարտեց: Դասարանի երեխաների հետ կապը կար, ամեն օր գալիս էին, հատկապես՝ տղաները: Միշտ մեր տանն էին, մինչև իր ընդունվելը, երբ ինքն անցավ ինստիտուտի ռեժիմով սովորելուն»: Դպրոցում տիկին Նունեն որդուն գծագրություն էր դասավանդել: «Միշտ ծիծաղում էր, ասում էր՝ մա՛մ, քեզ ո՞նց եմ դիմելու: Ասում էի՝ ինչպես մյուս աշակերտները՝ ընկեր Թադևոսյան: Դասի ժամանակ ասում էր՝ ընկե՛ր Թադևոսյան, ու ծիծաղում: Աղջիկներն էլ էին ծիծաղում, թե ինչու է մորն այդպես դիմում: Ասում էի՝ դպրոցում ես իր մայրը չեմ, դպրոցում ես ուսուցիչ եմ, բոլորի նման»: 2009թ. Մերուժանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, գոհ է եղել, հարմարվել ռեժիմին, չէր տրտնջում, պարզապես կարոտն էր խեղդում: «Ինքը ոչ մի անգամ միայնակ չի մնացել: Ոչ մեկի տանը չի մնացել: Երբ ասում էի՝ մնա՛ տատիկենց կամ քեռիենց տանը, ասում էր՝ մա՛մ, ամեն մարդ իր տանը պիտի գիշերի: Պարզապես կարոտից էր մի փոքր տրտնջում: Հետո, երբ դա էլ անցավ, ասում էր՝ մա՛մ, փոքր եմ եղել: Ընդամենը 16 տարեկան էր, երբ անցավ այդ ռեժիմին: Այդ ամենը ծիծաղով էր հիշում: Ավարտելու ժամանակ, երբ իմացա՝ վիճակահանությամբ Թալիշ գյուղն էր ընկել, ասացի՝ բա՛լ, ձեռքդ ուռեր, չմտցնեիր, այդ թուղթը չհանեիր: Ասաց՝ մա՛մ, մյուս ձեռքով կհանեի, ես գնալու եմ այնտեղ: Գնաց: Ամեն անգամ, երբ խոսում էինք, շատ գոհ էր, շատ ուրախ էր՝ մա՛մ, շատ լավ է: Միշտ մտավախություն կար, որովհետև տարիքով ինքն ու զինվորները հավասար էին: Ինքն ընդամենը 20 տարեկան էր: Մտածում էի՝ հնարավոր է՝ իրեն այնպես չդրսևորի, ինչպես տարիքով մեծը: Ծանոթներ կային այնտեղ: Իմ աշակերտը մոտ 2 տարվա տարբերությամբ նորից նույն տեղում էր անցել աշխատանքի: Դժբախտաբար, նա էլ զոհվեց մարտում: Իրենից միշտ հարցնում էի: Ասում էր՝ ընկե՛ր Թադևոսյան, ինքն իրեն շատ լավ է դրսևորել, տղաները սիրում են՝ որպես ընկեր, որպես հրամանատար, որպես ծնող: Շատ լավ խորհրդատու էր: Այդ տարիքում շատ լավ խորհուրդներ էր տալիս: Երբ մի փոքր նեղվու...
Կարդալ ամբողջովին