ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև իր տեսակետն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Դեսպան Անդրեա Վիկտորինի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թ. հուլիսի 18-ին:
- Տիկի՛ն Վիկտորին, շնորհակալ եմ Ձեզ հետ հարցազրույցի այս հրաշալի հնարավորության համար: Մենք բազմաթիվ հետաքրքիր հարցեր ունենք քննարկելու Հայաստան-Եվրամիություն օրակարգի վերաբերյալ: Թուլ տվեք սկսել այն հարցից, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում և ինչպե՞ս են անցել Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելության այս երեք տարիները՝ համեմատած այլ երկրներում աշխատանքի հետ:
- Ինչպես հավանաբար գիտեք՝ նախկինում նույնպես ես իրականացրել եմ դիվանագիտական առաքելություն Հայաստանում: Եղել եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանը 2007-2009 թթ.: Երբ վերադարձա 2019-ին՝ տեսա, որ շատ բան փոփոխված էր երկրի ընդհանուր մթնոլորտում և մարդկանց տրամադրության մեջ: Նաև բազում դրական քայլեր են եղել, որոնք մենք ձեռնարկել ենք միասին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ: Այնպես որ, այս ամենն ընդհանուր առմամբ շատ դրական էր, և ես գերազանց մեկնարկ ունեցա՝ բազմաթիվ այցելություններ մարզեր, ծանոթացա բազմաթիվ նախագծերի: Հետո բոլորս էլ հայտնվեցինք միևնույն դժվարին իրավիճակում: Նախ և առաջ, սկսվեց ՔՈՎԻԴ-19-ի համավարակը, որը հանգեցրեց «լոքդաունի»՝ կարանտինային իրավիճակի, մեկուսացման, հաղորդակցության սահմանափակումների՝ անմիջական շփման, ինչպես նաև համագործակցության վրա թողնելով իր հետևանքները: Հետո՝ պատերազմը 2020 թ. սեպտեմբերի 27-ին, հետպատերազմյան շրջանը, 2021 թ. ընտրությունները…
Այնպես որ, սա մշտապես հագեցած և ծանրաբեռնված մի ժամանակաշրջան էր: Բնականաբար, այս բարդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ծանր ապրումներն ինձ ևս հուզել են: Բայց ես շարունակում եմ լավատես լինել: Սիրում եմ Հայաստանը, Հայաստանի բնությունը: Եվ ուրախ եմ, որ կարող ենք շարունակել մեր առաքելությունը ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սկսված այս երկար ընդմիջումից հետո: Միայն վերջին ամիսներին մի քանի անգամ եղել եմ Սյունիքում, էլ չեմ խոսում Հայաստանի մյուս մարզերի մասին: Այդպիսի այցերը միշտ մարդկանց հանդիպելու, նրանց անմիջական գնահատականները լսելու և նրանց կարիքների մասին տեղեկանալու լավ հնարավորություն են ընձեռում: Սա Հայաստանում իմ աշխատանքի կարևորագույն տարրերից է:
- Ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Հայաստանում և ըստ Ձեզ՝ ամենից շատ ինչի՞ մասին է Հայաստանը:
- Հայաստանը հնադարյան ավանդույթների և մշակույթի երկիր է: Հայաստանը քրիստոնեական երկիր է՝ բազում տպավորիչ մշակութային կոթողներով: Բայց ինձ համար ամենատպավորիչը հայ մարդն է, բնավորությունների բազմազանությունը և վառ ու գունեղ մշակույթի աշխարհը, ինչը ես շատ եմ գնահատում: Երեկ մասնակցում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությանը: Այստեղ շատ իրադարձություններ են տեղի ունենում. ես էլ սիրում եմ նոր վայրեր բացահայտել, նոր մշակութային միջոցառումներ հայտնաբերել: Հենց դրանց միջոցով է ձևավորվում Հայաստանի դրական կերպարը: Ես դա շատ եմ գնահատում:
- Ինչպես գիտեք՝ 2022 թվականը շատ նշանավոր տարի է հայկական դիվանագիտության համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այս տարի տոնում է տասնյակ միջազգային գործընկերների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձերը: Այս շարքում Հայաստանը և Եվրոպական միությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Եվրամիություն գործընկերության ներկա մակարդակը, որտե՞ղ ենք այժմ Հայաստանի և Եվրամիության համագործակցության զարգացման առումով:
- Փորձենք փոքրիկ պատմական ակնարկ անել: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թ. օգոստոսի 10-ին: Հարաբերություններն անցել են տարբեր փուլերի միջով: Սկզբնական շրջանում համագործակցել ենք TACIS-ի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներին Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Ես այստեղ էի, երբ բացվեց Եվրամիության պատվիրակությունը Երևանում: Դա տեղի ունեցավ 2008 թ. փետրվարին, երբ Հայաստան եկավ Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Ես հրավիրված էի որպես հյուր, քանի որ այդ ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էի: Լիիրավ գործող ԵՄ պատվիրակության բացումը կարևոր առաջընթաց էր Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում, քանի որ մենք ծածկում ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: 2009 թվականին ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը՝ հիմք հանդիսանալով Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ստեղծման համար, որն այժմ պատասխանատու է Եվրամիության արտաքին հարաբերությունների համար, ինչը կարևոր ուղենիշ է:
2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)՝ նոր ուղի հարթելով Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում: Ինչո՞ւ: Մենք աշխատանքներ էինք տարել Ասոցացման համաձայնագրի վրա, որը հնարավոր չեղավ կյանքի կոչել 2013 թվականին. ՀԸԳՀ-ի շնորհիվ մենք այժմ ունենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներն ընդգրկող շրջանակային համաձայնագիր: 2021 թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած այս փաստաթղթի միջոցով Հայաստանն ու Եվրամիությունը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Սա շատ կարևոր է, քանի որ ՀԸԳՀ-ն ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իրավական հիմքն է, այլև, ինչպես Հայաստանի կառավարությունն է ձևակերպել՝ «Հայաստանի բարեփոխումների գործընթացի ուղեցույցն է»:
- Առևտրային և տնտեսական հարաբերությունների առնչությամբ. եթե չեմ սխալվում՝ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ռեժիմը նախորդ տարի ավարտվել է Հայաստանի համար: Սա կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ առևտրային հարաբերությունների վրա:
- Հայաստանի տնտեսական զարգացումը վերջին տարիներին թույլ է տվել առաջընթաց գրանցել երկրում՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների մակարդակից անցում կատարելով դեպի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մակարդակ՝ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման: Սա ինքնին հիանալի նորություն է և վկայում է այն մասին, որ Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել:
Նախորդ ժամանակահատվածում GSP+ ունենալը կոչված էր աջակցելու երկրի կայուն զարգացմանը: Ըստ Եվրամիության GSP կանոնակարգերի և դրույթների՝ այն պահից, երբ երկիրը երեք տարի անընդմեջ, և մեկ տարի անցումային շրջանը ևս, դասակարգվում է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այն կորցնում է ԵՄ-ի կողմից միակողմանի առևտրային զիջումներ արտոնող «GSP+»-ի շահառու լինելու կարգավիճակը: Այսինքն՝ 2021 թ. հունվարից Հայաստանն այլևս դադարել է օգտվել ներկրման այս արտոնյալ սակագներից:
Ինչ վերաբերում է հետևանքներին՝ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա GSP-ի ավարտը Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի վրա: Ավելին, դժվար կլինի միմյանցից զատել GSP-ի ավարտի հետևանքները և ներկայումս համաշխարհային տնտեսության վրա ներազդող հիմնական մակրոտնտեսական գործոնները:
Թույլ տվեք ընդգծել, որ ազդեցություն լինում է միայն հայկական արտադրության ապրանքների մասով, նկատի ունեմ հայկական արտադրության ապրանքների ներմուծումը դեպի Եվրամիություն, բայց ՀԸԳՀ-ի միջոցով մենք դռներ ենք բացում այլ ուղղությունների համար, ինչը, հույս ունեմ, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և Հայաստան-Եվրամիություն առևտրի վրա:
Այս պահին Եվրամիությունը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ Ռուսաստանից հետո: Կանոնակարգման միջավայրի բարելավման և արտադրության ավելի բարձր չափորոշիչներ սահմանելու նպատակով մեր համագործակցության շրջանակում ներառվել են նոր մեխանիզմներ, որից կշահեն եվրոպացի և հայ արտադրողները: Մենք խրախուսում ենք հայկական ընկերություններին ավելացնել ապրանքների և ծառայությունների վաճառքները, ինչը կնպաստի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում:
ՀԸԳՀ-ն նաև նախատեսում է մի քանի այլ դրույթներ, օրինակ՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգի ամրապնդման մասով: Սա նշանակում է, որ ե՛ւ հայկական ընկերությունները, ե՛ւ արվեստագետները (սա նաև շատ կարևոր է մշակութային, ստեղծագործական և նորարարական բարձրորակ արտադրանք վաճառելու համար) այժմ կկարողանան ապավինել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կուռ համակարգերին՝ ինչպես Եվրամիության դեպքում է: Սա նաև կնպաստի Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավմանը:
Բացի այդ, աջակցում ենք ծառայությունների առևտրի բացմանը, ինչը նշանակում է նոր հնարավորությունների ընձեռում, ծառայությունների ոլորտի բազմաթիվ ձևերի երկկողմ առևտրի ազատականացում, օրինակ՝ վարձակալության/լիզինգի ծառայությունների, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական և տրանսպորտային ծառայությունների մատուցման բնագավառներում: Դա ենթադրում է, որ հայկական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել ԵՄ-ում և հակառակը:
ՀԸԳՀ-ն նաև պատուհան է բացում ԵՄ-ի և Հայաստանի միջև պետական գնումների համար՝ հնարավորություն տալով հայ գործարարներին մասնակցել պետական գնումների մրցույթներին ԵՄ-ում և հակառակը: Տրամադրվում է փոխադարձ լրացուցիչ մուտք աշխատանքների կոնցեսիաների շուկա, օրինակ՝ ջրամատակարարման և այլ հանրային ծառայությունների մասով: Մասնավորապես այն փաստը, որ ԵՄ-ն բացում է ծառայությունների շուկան և պետգնումների մրցույթներին մասնակցելու հնարավորությունը, կարող է շատ դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա:
- Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թ. կազմել է շուրջ 1,2 մլրդ եվրո: Առևտրատնտեսական փոխգործակցությունը կողմերի միջև ընդլայնելու հեռանկարներ տեսնո՞ւմ եք՝ օգտագործելով հատկապես այն գործիքները, որոնք կարող է տրամադրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
- Այո՛, ինչպես արդեն բացատրեցի: ՀԸԳՀ-ն նախատեսում է կարգավորումներ, որոնք մի կողմից պաշտպանում են արտադրողներին ե՛ւ ԵՄ-ում, ե՛ւ Հայաստանում, իսկ մյուս կողմից բացում են նոր շուկաներ: Կարծում եմ՝ մենք իսկապես շարժվում ենք դեպի համագործակցության նոր ոլորտներ, օրինակ՝ դեպի ստեղծարար արդյունաբերություն: Դրանք շատ կարևոր են նաև ԵՄ-ում: Նախորդ շաբաթ մենք ստորագրեցինք «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի վերաբերյալ պայմանագիրը, որի շրջանակներում աջակցելու ենք Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Տեսնում եմ մեկ այլ բնագավառ ևս. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները ԵՄ շուկա մուտք գործելու հսկայական ներուժ ունեն: Այսպիսով, կարծում եմ՝ համագործակցության ոլորտները շատ են, և դա դրական ազդեցություն կունենա երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
- Ի՞նչ այլ կարևոր ոլորտներ կարող եք առանձնացնել CEPA-ի համաձայնագրից: Օրինակ՝ քաղաքական բարեփոխումներ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն:
- ՀԸԳՀ-ն համագործակցության հնարավորություն է ստեղծում բոլոր ոլորտներում: Քանի որ Եվրոպական միությունը արժեքահեն կառույց է՝ մենք ամուր համագործակցություն ենք իրականացնում արդյունավետ կառավարման ոլորտում, այսինքն՝ Եվրամիությունը աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, հատկապես՝ մեր համագործակցության համար առանցքային օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում: Ներգրավված ենք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներում, որը կավարտի այս տարեվերջին: Հուլիս ամսին քննարկում ծավալեցինք այս ոլորտում համագործակցության վերաբերյալ և անհամբերությամբ ակնկալում ենք համագործակցություն 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի շուրջ:
ԵՄ պատվիրակությունը համագործակցում է ոչ միայն համապատասխան պետական գերատեսչությունների, այլև, ինչպես արդեն նշել եմ, սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Աջակցում ենք մարդու իրավունքների դաշտում աշխատող ոչ-կառավարական կազմակերպություններին: Ծրագիր ենք իրականացնում նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և սերտորեն համագործակցում ենք նրա հետ: ՀՀ ՄԻՊ-ի հետ մշտական կապի մեջ եմ՝ մտահոգիչ հարցերի շուրջ:
ՀԸԳՀ-ն Հայաստանի կողմից հռչակվել է որպես բարեփոխումների ուղեցույց: Ուստի մենք ակտիվորեն ներգրավված ենք դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացներում: Պետական բյուջե է փոխանցվել դատաիրավական ոլորտի բարեփոխումների բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված հերթական տրանշը, որը կազմում է ավելի քան 8 մլն եվրո: Ինչո՞ւ է սա կարևոր: Սա արդարադատության համակարգում կատարված աշխատանքի որակի վկայությունն է: Եվրոպական կառույցների կողմից որոշում է ընդունվել շարունակելու համագործակցությունը արդարադատության ոլորտում, ինչը տեղի է ունենում միայն, եթե նախկին համագործակցությունը հաջող է գնահատվել: Ընդհանուր առմամբ Եվրամիության կողմից սահմանված է բյուջետային աջակցության հատկացման կանոնների և պայմանների շատ խիստ համակարգ: Վերոնշյալ փոխանցումը հավաստում է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների նկատմամբ մեր վստահության մասին: Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ կան խնդիրներ, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը, բայց Հայաստանն իրականացնում է ստանձնած բարեփոխումները: Ներկա պահին մենք նախապատրաստում ենք այս ոլորտում բյուջետային աջակցության նոր ծրագիր և հույս ունենք, որ այն կհաստատվի մինչև տարեվերջ:
Մի քանի շաբաթ առաջ ազդարարեցինք մի նոր Թվինինգ ծրագրի մեկնարկը: Ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Գերմանիայից ու Լատվիայից հրավիրված փորձագետների հետ միասին: ԵՄ-ն և Հայաստանը համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել և գործի են դնում տարբեր գործիքակազմեր:
- Իսկ եթե ավելի լայն նայենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարելի է ասել, որ եվրոպական ուղղությունը կամ եվրոպական ինտեգրումը միշտ էլ եղել է նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը առնվազն վերջին 20 տարիներին կամ գուցե ավելի: Այս ընթացքում կողմերը կյանքի են կոչել բազմաթիվ նախագծեր, ծրագրեր, այդ թվում՝ ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, եվրոպական ինտեգրման այս երկար ճանապարհը վերջնական նպատակակետ ունի՞, թե՞ սա անընդհատ շարունակվող, չդադարող գործընթաց է:
- Դե, կարծում եմ՝ դա Հայաստանը պետք է որոշի: Հայաստանն է սահմանում մեր համագործակցության տեմպերը: 2013 թվականը հեշտ չէր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, բայց կարծում եմ՝ ՀԸԳՀ-ի միջոցով մենք ապահովել ենք հարաբերությունների շատ լավ հիմքը: Կա մեկ սկզբունք, որը կարևոր է Եվրոպական միության համար. «Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության»:Այստեղից էլ բխում է «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը, ըստ որի՝ գործընկեր պետություններն իրենք են որոշում համագործակցության մակարդակը: Շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը չի փորձում մրցակցության մեջ մտնել միջազգային այլ գործընկերների հետ:
Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել վերջին տարիների մեր համագործակցության տեսանելի դրական արդյունքը: ՀԸԳՀ շրջանակային համաձայնագիրը ցույց է տալիս, որ մեզ հաջողվեց սերտ հարաբերություններ հաստատել, մինչդեռ Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում:
Եթե ինձ հարցնեք՝ արդյոք տեղին է ավելի խորացնել Եվրոպական միության հետ կապերը, բնականաբար, ես միշտ էլ կողմ կլինեմ նման որոշման, քանի որ ես հաստատակամ եվրոպացի եմ: Եվրամիությունը և իր անդամ պետությունները միասին և շատ ակտիվ աշխատում են «Team Europe/Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Սա մեր՝ ԵՄ-ի և անդամ պետությունների ներգրավվածության և համագործակցության ոգու հստակ դրսևորումն է: Եվ այն տվել է բավականին դրական արդյունքներ, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո անդամ պետությունները միացան մեր նախաձեռնություններին՝ տրամադրելով օգնություն խոցելի խմբերին, հիմա էլ՝ Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերին, մասնավորապես՝ «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում:
- Ընդհանրապես, մենք հաճախ ենք տարբեր քննարկումների և համաժողովների ընթացքում լսում հայտարարություններ եվրոպական ինտեգրումն ու Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին, մենք լսում ենք ելույթներ այն մասին, որ Եվրամիությունը որոշակի արժեքների վրա հիմնված կառույց է, որ կան եվրոպական ու համամարդկային արժեքներ, որոնք Եվրամիությունը առաջ է մղում: Այս տեսանկյունից շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր մեկնաբանությունը, թե առհասարակ ի՞նչ է իրենից ներկայացնում և ինչի՞ մասին է Եվրոպական միությունը: Օրինակ՝ 1) այն ավելի շատ առևտրատնտեսական գոտի է, հետևաբար՝ հիմնականում տնտեսական համագործակցության և բարեկեցության մասին է, 2) այն ավելի շատ քաղաքակրթական տարածություն է, հետևաբար՝ քաղաքակրթական ընտրության մասին է, թե՞ 3) ԵՄ-ն ավելի շատ աշխարհաքաղաքական բևեռ է, հետևաբար՝ եվրոպական ինտեգրումը աշխարհաքաղաքական ընտրություն է: Այլ խոսքերով՝ ինչի՞ մասին է եվրոպական ընտրությունը:
- Գիտեք, ես ծնվել եմ 1950-ականներին՝ այն ժամանակներում, երբ Եվրոպայում դեռ զգացվում էին Երկրորդ աշխարհամարտի ծանր հետևանքները: Ես գերմանացի եմ: Մեծացել եմ հավատարիմ այն համոզմունքին, որ պետք է կանխել, պետք է թույլ չտալ մեկ այլ պատերազմ, պետք է գնալ հաշտեցման: Ես հաստատակամ եվրոպացիների սերունդն եմ. Երկրորդ աշխարհամարտից հետո հաշտության նպատակով Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ստորագրված Ելիսեյան համաձայնագրի սերունդն եմ։ Ուստի համոզված եմ՝ Եվրամիությունը արժեքների միություն է: Սա է միավորել մեզ 1950-ականների պատմությունից մինչ այսօր՝ թույլ չտալով, որ համաշխարհային պատերազմը կրկնվի: Հենց այս համոզմունքից ելնելով են Եվրամիությունը և ԵՄ անդամ պետությունները աջակցում Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ:
Եվրամիությունը, բնականաբար, նաև տնտեսական միություն է: Այդուհանդերձ, Եվրամիության հիմքում այն փոխըմբռնումն է, որ միասին՝ մեր բոլոր գործընկերների հետ համատեղ ջանքերով, ձգտելու ենք ապահովել խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում: Իսկ գլոբալ մարտահրավերներով պայմանավորված՝ Եվրամիության ներգրավվածությունն ու համագործակցությունը գնալով ամրապնդվում է: Մենք խորապես համոզված ենք, որ պետք է միասին աշխատել գլոբալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ, պետք է պաշտպանել մեր ընդհանուր սկզբունքներն ու արժեքները: ԵՄ-ը ձեռք է մեկնում այն երկրներին, որոնք կիսում են այս համոզմունքը և ցանկություն ունեն մեզ հետ այս ուղղությամբ աշխատելու: Այս գաղափարն է մեր ռազմավարական հիմնական մոտեցման՝ «Global Gateway» («Համաշխարհային դարպաս») նախաձեռնության հիմքում, այն է՝ մենք իսկապես ցանկություն ունենք աշխատելու մեր գործընկերների հետ միասին նաև ենթակառուցվածքների և տնտեսական ներդրումների ոլորտներում՝ բոլորիս համար առաջընթաց ապահովելու նպատակով:
- Հայաստան-Եվրամիություն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսվա՞ծ են կամ գուցե արդեն անցկացվե՞լ են:
- Մենք արդեն սկսել ենք տոնակատարությունները: Ամեն տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը, իսկ Հայաստանում այն տոնում ենք փոքր-ինչ ավելի ուշ: Այս տարի Երևանում կազմակերպել ենք Եվրոպայի օրվան և ԵՄ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիս, տարբեր միջոցառումներ տարբեր հետաքրքրություններ ունեցող խմբերի համար: Միջոցառումներ ենք կազմակերպել նաև Գյումրիում, և ապա՝ Գորիսում: Առաջիկայում ևս կլինեն միջոցառումներ, որոնք տեղի կունենան աշնանը՝ կրկին նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
- Կա՞ն արդյոք Եվրամիության կողմից Հայաստանում իրականացված կամ նախատեսված այնպիսի ծրագրեր կամ նախագծեր, որոնց մասին կցանկանայիք կիսվել մեզ հետ:
- Նախ և առաջ՝ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն դոնորն է: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում: Ինչպես արդեն նշեցի՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ինչը նշանակում է, որ մենք ակտիվորեն ներգրավված ենք արդարադատության, ոստիկանության և հակակոռուպցիոն բարեփոխումների դաշտում: ԵՄ-ն աջակցություն է տրամադրում բազմաթիվ ծրագրերի, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ մարզերում: Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում. կարևոր է զարգացնել նաև մարզերը: Արդեն մի քանի տարի է՝ մեր համագործակցության թիրախ ենք սահմանել երեք մարզերը՝ Լոռին, Շիրակը և Տավուշը, որտեղ իրագործվում են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապե...
Կարդալ ամբողջովին